Արցախում ավարտվեց Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: ՀՀ վարչապետի ելույթ-հայտարարությունը իրականում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել: Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանը չի պատրաստվում հետ կանգնել սահմանած նշաձողից, այն է՝ պնդում է, որ լիազորված չէ բանակցային գործընթացում ներկայացնել Արցախն ու Արցախի ժողովրդին:Փաշինյանը սա դիտարկում է իբրև լեգիտիմության հարց, մինչդեռ հարցը շատ ավելի խորքային է, քանի որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իսկ այն էլ ավելի ռեալ է դառնում, եթե Փաշինյանը լվանում է ձեռքերը և պնդում ֆորմատի փոփոխության վրա, մի առաջարկ, որը մերժվեց թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Հասկանալի է, որ նման սկզբունքայնությունը հղի է փակուղիով: Ի դեպ, շատ էր խոսվում այն մասին, որ այս նիստի ընթացքում Արցախը կլիազորի Փաշինյանին ՝ բանակցություններում ներկայացնել հայկական երկրորդ պետությանը:
 
Եթե այդ խոսակցությունները անհիմն չէին, ապա ինչ-որ բան անկասկած այնպես չի գնացել, և Փաշինյանը չի ստացել սպասված արդյունքը: Սակայն դժվար է հավատալ, որ նախագահական լիազորություններն ավարտող Բակո Սահակյանը կարող էր գնալ իրավիճակի նման սրման՝ չափից շատ բան է դրված խաղատախտակին: Մյուս կողմից՝ ուշագրավ է Փաշինյանի հայտարարությունը համանախագահների առաջ քաշած սկզբունքների մասին: Ըստ էության, Փաշինյանն այդ սկզբունքները չի ընդունում, սակայն պատրաստ է դրանց շուրջ զրուցել: Վարչապետը կարծես նահանջի ճանապարհ է բացում իր համար, հակառակ դեպքում անհասկանալի է, ինչու մենք միանգամից չենք մերժում մեզ համար անընդունելի համարվող սկզբունքները: Փաստորեն, Հայաստանի և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստում Հայաստանի վարչապետի անունից հնչում է հայկական կողմի առաջարկը՝ քննարկել բանակցության նոր բովանդակության հարց: Սակայն Մինսկի խմբի համանախագահները արդեն իսկ ներկայացրել են իրենց վերջնագիրը, արդյո՞ք նրանց ծրագրերի մեջ մտնում է առաջարկել նոր փաթեթ:
 
Պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի, պետք է կանխատեսած լիներ, որ Արցախին բանակցություններին վերադարձնելը տեւական դադարից հետո՝ ամենեւին էլ հեշտ չի լինելու: Եթե հայկական կողմը դա չէր կանխատեսել, ուրեմն պատասխանատվություն է կրում նաեւ դեպքերի հետագա ընթացքի համար: Ի վերջո, բանակցություններում այն գործառույթը, որ մինչ այս կատարել է Հայաստանը` ներկայացնելով Արցախի շահը, չի կարող անել ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան և ո՛չ էլ նույնիսկ Արցախը, եթե նույնիսկ վերջինս դառնա բանակցող կողմ: Սրա օրինակն էլ մեր աչքի առջև է` Դոնբասի հարցով բանակցությունները, որոնց մասնակցում են Ուկրաինայի արևելքում ստեղծված երկու չճանաչված պետություններ: Ի՞նչ վիճակում կհայտնվեն նրանք, եթե այդ բանակցություններից Ռուսաստանը դուրս գա` հայտարարելով, որ դոնբասցիները Պուտինին չեն ընտրում…