Գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ Ջրային կոմիտեն ոռոգման ջրի համակարգում նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանն  մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ աշխատանքներ են տարվում և՛ ներքին ցանցերի, և՛ մայր ջրանցքների հետ կապված:

«Հիմնականում իրականացվում են մաքրման և վերանորոգման աշխատանքներ: Այս փուլում դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են այն հատվածներում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվում՝ Արարատյան դաշտ, Տավուշ, Սյունիք: Տարվա ընթացքում նախատեսվում են աշխատանքներ նաև ոռոգման համակարգերի բարելավման ուղղությամբ»,-ասաց Կամո Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ գյուղացիները, ջրի մատակարարման ժամկետների հետ կապված, որևէ խնդիր չեն ունենա: Ջրի պահանջարկի դեպքում, նախօրոք ձևավորված հայտերի հիման վրա անհրաժեշտ մատակարարումը կապահովվի: Ջրի պահանջարկի հայտերը պետք է ներկայացնել ջուր ստանալու նախատեսված օրից 3 օր առաջ:

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում իրականացվում են նաև ջրօգտագործողների հետ պայմանագրերի կնքման, հավելվածների թարմացման աշխատանքներ:

«Կախված բնակլիմայական պայմաններից՝ մենք պատրաստ կլինենք ժամանակին և որակյալ ջրամատակարարում իրականացնել 2019 թվականի ընթացքում: Իհարկե, խնդիրներ շատ ունենք համակարգում, մասնավորապես, ներքին ցանցերը վերանորոգման կարիք ունեն: Մոտ 2 հազար 100 կմ մայր ջրանցք պետք է մաքրվի և նորոգվի, ներտնտեսային ցանցը նորոգելու խնդիր ունի»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Այսօր գործում են 15 ջրօգտագործող ընկերություններ, որոնք սպասարկում են մոտ 200 հազար ջրօգտագործող բաժանորդների: Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ նման քանակի բաժանորդների սպասարկման դեպքում, բնականաբար, կլինեն նաև դժգոհություններ:

«Բոլոր դժգոհություններին օպերատիվ ձևով արձագանքում ենք և արագ լուծում տալիս: Մենք ունենք թեժ գիծ, որտեղ կարող են գյուղացիները խնդիրը ներկայացնել: Նշեմ, որ բողոքների դեպքում մենք հարցն ուսումնասիրում ենք երկկողմանի»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ոռոգման ջուր օգտագործողների շրջանում արտոնյալներ չեն լինի, Կամո Սարգսյանը նշեց, որ նման խնդիր չի լինելու:

«Ջրային կորուստները լինում են առևտրային և տեխնիկական: Վերջինը լինում է այն ժամանակ, երբ համակարգը մաշված է: Առևտրային կորուստը հիմնականում ջրագողությունների, չհաշվառված ջրի հետ է կապված: Ներկայում համակարգում մեծածավալ ստուգումներ են իրականացվում: Այս խնդիրները խիստ վերահսկողության տակ են, վստահեցնում ենք արտոնյալներ չեն լինելու»,-ասաց Կամո Սարգսյանը:

Խոսելով ջրամբարների լցվածության մասին՝ Կամո Սարգսյանը նշեց, որ կոնկրետ ցուցանիշներ դեռ չեն կարող ասել, որովհետև հալոցքային գործընթացն ամբողջությամբ չի ավարտվել: Ամեն դեպքում, ըստ նրա, այս պահին ջրամբարների լցվածությունը համահունչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Եթե ամսվա ընթացքում լինեն տեղումներ, բարձր լեռնային շրջաններում առաջանա հալոցք, ապա ջրամբարներում կլինի բավական լցվածություն: