ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղափոխված ղեկային տեղաբաշխմամբ մեքենաները Հայաստան ներմուծելու հետ կապված օրենսդրական որոշակի նախաձեռնության կարիք է տեսնում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում աջ ղեկով մեքենաների ներմուծումը որոշ ժամանակով թույլատրելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվել է, սակայն այսօր էլ կան մեքենաներ, որոնք նախկինում աջ ղեկով են եղել, սակայն ներմուծվում են Հայաստան: Մեր քաղաքացիներն այդ մեքենաները գնում են, տանում հարևան Վրաստան, այնտեղ ղեկային տեղաբաշխումը փոխում՝ դարձնելով ձախակողմյան, և  շարունակում են ներկրել Հայաստան»-նկատեց Պապոյանը:

Նրա կարծիքով՝ արդյունքում այդ մեքենաները լուրջ խնդիր են առաջացնում: «Այստեղ տեխնիկական զննության հետ կապված կարևոր օրենսդրական լուծման կարիք ունենք: Կարծում եմ, որ այս հարցին պետք է շուտափույթ լուծում տանք»,-եզրափակեց պատգամավորը:

Խորհրդարանը մարտի 14-ի նիստում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Դրանով մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը: