«Խաղաղությանն ուղղված ազդակների փոխանակումը մնում է մեր օրակարգում»։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ Հայաստանը եղել և մնում է Արցախի երաշխավորը։

Անդրադառնալով հակամարտող կողմերի պարտավորություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նկատել է, որ պարտավորությունների առումով կա անհավասարություն։

«Եթե սպասվում է՝ մեկ կողմը կարող է ավելի զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու։ 

Շատ հաճախ մեզ հարց են տալիս՝ որքա՞ն է Հայաստանը զիջում, անդրադարձել ենք, որ չի կարող լինել նման երևույթ։ Չի աշխատելու։ Նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա»,-ասել է ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ խնդիրը վերաբերվում է մարդուն։

Դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ իրենց համար անընդունելի է ձևաչափի փոփոխությունը և այն պնդումը, որ հայկական կողմն է առաջ տանում՝ ձևաչափում ներգրավելով նաև ԼՂՀ-ն՝ փակուղի է տանում, Մնացականյանը պատասխանեց. «Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը»: