ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Խորհրդարանի ղեկավարը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Արմեն Մուրադյանի եւ տնօրինության ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, որը հագեցած է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շրջայց կատարելով կենտրոնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, պարաֆինային, կինեզոլոգիական, էլեկտրական թերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները' ԱԺ նախագահը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ հետագա ծրագրերին:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ չափազանց տպավորված է, ասել է. «Կենտրոնի սարքավորումներով հագեցվածությունը նույնիսկ ամենաբծախնդիր քննադատներին կարող է բավարարել»: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ նմանօրինակ հաստատությունը պատիվ կարող է բերել ցանկացած, հատկապես Հայաստանի նման յուրօրինակ անվտանգային համակարգ ունեցող երկրի համար: Աժ նախագահի գնահատմամբ' կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացումը պահանջված եւ հաջողված է:

Խորհրդարանի ղեկավարը թեյի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այն օրենսդրական բացերը, որոնք մատնանշվել են շրջայցի ընթացքում: