Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության առջև գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով ակցիզային հարկի բարձրացումից, որը հանգեցնելու է գազավորված ըմպելիքների գների թանկացմանը: Վերջիններս պահանջում են հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը, սակայն, խորհրդակցության լինելու պատճառով չհանդիպեց բողոքի ակցիայի մասնակցիների հետ:

Փոխվարչապետի փոխարեն կառավարության առջև հավաքվածների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, որը խոստացավ վաղը՝ մարտի 19-ին, հանդիպում կազմակերպել ցուցարարների հետ:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայ Կոլայի» գործադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ մանրամասնելով խնդիրը, նշեց, որ նախատեսվող հարկի բարձրացմամբ 200 դրամ արժողությամբ ապրանքը կթանկանա շուրջ 30 տոկոսով՝ դառանալով 260-270 դրամ: Սա կհանգեցնի նրան, որ գործարանը կփակվի:

«Մի ապրանք, որը ՀՀ-ում արտադրվել է դեռ այն ժամանակ, երբ տնտեսությունը նոր էր ոտքի կանգնում, և հասնելով 2019 թվականին՝ ճնշում են, որ չարտադրվի, սա նշանակում է դիվերսիա՝ փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ: Ուրիշ այլ բնութագրում չեմ կարող տալ: Հիմա էլ ասում են շաքարի փոխարինիչներից մեկը՝ ասպարտամը վտանգավոր է, սակայն ողջ Եվրոպայում պատրաստվում են ասպարտամով արտադրել: Ստացվում է՝ մեր ֆինանսերի նախարարությունն «ավելի կաթոլիկ է, քան Հռոմի պապը»»,- ասաց Հովսեփյանը:

Վերջինս նշեց, որ կառավարության դիմաց հավաքված են տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Շուկայում նրանք մրցակիցներ են, սակայն խնդիրը միավորել է նրանց, քանի որ թանկացումներից զատ արտադրողները կանգնում են փակվելու վտանգի առջև: Եվ քանի որ ոլորտում ամենախոշոր արտադրողը «Հայ Կոլան» է, հետևաբար, ամենախոշոր վնասը հենց այդ ընկերությունն է կրելու. «Եկամտաբերությունը շատ քիչ է լիմոնադի արտադրության մեջ: Եթե ակցիզն էլ կիրառեն, ասում են՝ վաճառիր տունդ, վճարի՛ր ակցիզը»:

Իսկ Արտաշատի «Մարի» զովացուցիչ ըմպելիքների գործարանի աշխատակից Անահիտ Հախվերդյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ իմաստ չեն տեսնում թանկացումների, քանի որ տարիներ շարունակ նույն ակցիզային հարկով են հարկվել և սպառման խնդիր չի առաջացել, իսկ այժմ արդեն նրանք կանգնած են աշխատանք կորցնելու խնդրի առջև. «Պայքարելու ենք, որ անիմաստ թանկացում չլինի: Եթե տարիներ շարունակ այդ ապրանքը շուկայում սպառվել է, գոյատևել է, ուրեմն հասարակությունն ընդունել է: Տեղից մեր ապրանքը ձմռան ամիսներին սպառման խնդիր ունի՝ կապված մարդկանց՝ բնական կոմպոտներ օգտագործելու կամ թեյեր նախընտրելու հետ: Հիմա ամռան այս մի քանի ամիսների ընթացքում պետք է գումար աշխատենք, եթե հիմա չաշխատենք, ե՞րբ աշխատենք»:




Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ