Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ շարունակվում է քաղաքական ուժերի քարոզարշավը:
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 12 քաղաքական ուժերից գլխավոր դերակատարների միջև պայքարն ընթանում է բավականին լարված մթնոլորտում: 

Նշենք, որ հատկապես կոշտ հռետորաբանություն է կիրառվում հիմնական մրցակից ուժեր հանդիսացող «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքների միջև:     
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությունը» կազմել են «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, իսկ  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ), ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության հետ կազմել է «Ազգ» (Millet-Միլլեթ) դաշինքը: 

Ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններին քննադատական և նվաստացուցիչ պատասխաններով են արձագանքում իշխող ուժը և վերջինիս հետ դաշինք կազմած ազգայնականները: Միմյանց հասցեին բավական բուռն նախատինքներ են հնչում նաև «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքների կուսակցապետերից: 

ԱԶԿ-ն, ինչպես նաև երկրի նախագահ Էրդողանն ընդդիմությանը մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կուլիսային և բացահայտ համագործակցության մեջ: Իսկ ընդդիմությունը քննադատում է իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականությունը, ներկայացնում առկա տնտեսական խնդիրները: 

Իշխող կուսակցությունը սևացնող և վարկաբեկիչ հայտարարություններ է անում, մասնավորապես, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ)  հասցեին՝ վերջինիս նույնացնելով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ: Թերևս Էրդողանի կուսակցությունը փորձում է ԺԴԿ-ին ահաբեկչական պիտակավորումներով դուրս մղել քաղաքական ասպարեզից` զուգահեռաբար կիրառելով բիրտ միջոցներ և գործիքակազմ:

Օրինակ հունվարի 30-ին՝ Մարդինի շրջանում  առաջադրված թեկնածուներին ներկայացնելու միջոցառման ժամանակ,  ՔԲԿ-ի սպանված զինյալներին հարգանքի տուրք մատուցելու և ՔԲԿ-ի քայլերգը (մարշը) երգելու համար ԺԴԿ-ի 16 անդամի ձերբակալելու որոշում էր կայացվել: Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ական պատգամավորներից շատերի, ինչպես նաև կուսակցության անդամների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Նրանք մասնավորապես մեղադրվում են Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք հնչեցնելու, թուրք ժողովրդին ու թուրքական պետական կառույցները վիրավորելու և ահաբեկչական կառույցների հետ համագործակցելու մեջ:

Իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել նաև քրդամետ ԺԴԿ կուսակցության համանախագահ Սեզաի Թեմելլիի այն հայտարարությանը, որ «Քուրդիստանում» հաղթանակը իրենցն է լինելու` նկատի ունենալով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջանները:

Թուրքիայի նախագահը, ի պատասխան այս հայտարարությանը, քանիցս նշել է, որ Թուրքիայում, ի տարբերություն Իրաքի, չկա «Քուրդիստան» անվամբ շրջան, և կոչ է արել հարավարևելյան ու արևելյան շրջանները այդպես անվանողներին լքել երկիրը ու մեկնել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան: Նախագահ Էրդողանը ԺԴԿ-ի համանախագահ Թեմելլիին «ահաբեկիչ» է անվանել:

Թուրքիայի նախագահի սպառնալից հայտարարությունները ԺԴԿ-ականները ռասիստական են որակել: Նրանց փոխանցմամբ՝ Էրդողանը շուրջ 6 միլիոն ընտրազանգված ունեցող կուսակցությանը (ընտանիքի անդամներով հանդերձ 20 մլն) ըստ էության վտարում է երկրից: Նշենք նաև, որ իշխող կուսակցությունը ԺԴԿ-ին ՔԲԿ-ի քաղաքական թևն է համարում: 

Թուրքիայի նախագահն այս ընթացքում թիրախավորել է ոչ միայն քրդամետ կուսակցությանը, այլ ընդդիմադիր կուսակցություններին և նրանց առաջնորդներին:

Մասնվորապես գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին Էրդողանը  մեղադրում է ԺԴԿ-ի հետ կուլիսային համագործակցություն ծավալելու, վերջինիս թեկնածուներին տարբեր շրջաններում սատարելու մեջ: Թուրքիայի նախագահը նախընտրական քարոզարշավի ընթացքում քանիցս  վիրավորել է ԺՀԿ-ին՝ նշելով, որ այն իրենից ներկայացնում է «աղբ, փոս և տիղմ»:

 Հիշեցնենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու պատճառով հարկադրաբար մի քանի անգամ դատական տուգանքներ է վճարել, որի համար նույնիսկ ստիպված վաճառել է տունը: Սա էրդողանի կողմից ընդդիմությանը լռեցնելու փորձ է որակվել:  Ի դեպ, Քըլըչդարօղլուն Էրդողանին ամենից շատ բարոյական փոխհատուցումներ վճարած քաղաքական գործիչն է:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը անուղղակիորեն սպառնացել է նաև «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին՝ ասելով, որ ընտրություններից հետո անմիջապես հաշվեհարդար կտեսնեն, և նա կհայտնվի «ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով» բանտում հայտնված ԺԴԿ-ի նախկին համանախագահների կողքին: Էրդողանը ակնարկել է նաև, որ Աքշեները պատգամավոր չէ, այսինքն նկատի ունենալով, որ չունի անձեռնմխելիություն: ԱԶԿ-ն ԺԴԿ-ի հետ համագործակցելու համար «Ազգ» դաշինքին անվանել է «Ստոր դաշինք»:       

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ իշխող կուսակցությունը, չնայած իր կիրառած կոշտ հռետորաբանությանը, երկրում ահագնացող հանրային դժգոհություններին, տնտեսությունում առկա խնդիրներին, ունի իրեն աջակցող մեծ ընտրազանգված և  կկարողանա հաղթանակ տանել ընդդիմադիր ուժերի նկատմամբ:    

Հետընտրական շրջանում Էրդողանի և ազգայնական ԱՇԿ կուսակցության առաջնորդի միջև որոշակի լարումը նույնպես չի բացառվում, քանի որ այդպիսի նախադեպ եղել է Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո, երբ Էրդողանի և Դևլեթ Բահչելիի միջև սրվեցին հարաբերությունները:   
Էրդողանի հռետորաբանությունը` ուղղված քրդամետ կուսակցությանը, ամեն կերպ քաղաքական ասպարեզից դուրս մղելու, սևացնելու և ժողովրդի մեջ նշյալ կուսակցությանը վերագրվող «ահաբեկչական» ընկալում ձևավորվելու փորձերը նույնպես կշարունակվեն: Խոսքի ազատությունը և մարդու իրավունքները սահմանափակող միջոցները կխստացվեն, իսկ բանտում հայտնված ընդդիմադիրների թիվը կավելանա: