Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեկ այլ քրեական գործ կհարուցվի Մարտի 1-ի տասը զոհերի բացահայտման առումով և ինչ գնահատական կտա նրան, որ Քոչարյանը և նրա կողմնակիցները ասում են, որ  հաշվեհարդար է իրականացվում նրա նկատմամբ, ասաց. 

«Հայցադիմում ներկայացնելու, դատի տալու գործընթացը չեմ մեկնաբանի, որովհետև դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է և մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ ցանկացած քաղաքացու հարց քննարկվի իսկապես օրինականության և օբյեկտիվության շրջանակներում: Եվ որ մեր կառավարությունը և ես անձամբ, հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, թող որևէ կասկած չունենան»:

Անդրադառնալով հաշվեհարդարի հետ կապված հարցին, Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո և համերաշխության հեղափոխության միջոցով: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ և կոնկրետ հաշվեհարդարների և′ հնարավորությունը, և′ ժամանակը կար»:

Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ քրեական գործը հարուցվել է:

«Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Ինչու են փոխվել այդ պարկուճները, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխանները»,-ասաց վարչապետը: