Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում  դասադուլ են հայտարարել ուսանողները: Պատճառն այն է, որ երկու նկատողությունից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը հեռացվել է աշխատանքից: Դասախոսական կազմը և ուսանողությունը պահանջում են, որ տնօրենը վերադառնա իր աշխատանքին։

Դասադուլն ու գործադուլը դեռևս շարունակվում է: Այսօր լրագրողների հետ զրույցում քոլեջի իրավունքի դասախոս Գարիկ Սահակյանը նշեց, որ մեկ տարվա տնօրենին կարելի էր թողնել, որ աշխատի՝ տալով ժամանակ թերությունները շտկելու և բացերը լրացնելու համար. «Տեսչական ստուգումների և աուդիտի անցկացման հետևանքով տրված երկու խիստ նկատողություններ են եղել տնօրենին: Օրենքի պահանջն է, որ մեկ տարվա ընթացքում եթե առկա է երկու նկատողություն, տնօրենի լիազորությունները դադարեցվում են: Մենք համաձայն չենք սրա հետ: Հայտարարված դասադուլը, բողոքի ակցիան համախմբված, խոսում է տնօրենի կողմից իրականացված բարեփոխումների մասին»:

Իսկ ըստ Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական զարգացման ամբիոնի վարիչ Ալինա Համբարձումյանի՝ տնօրենի երկրորդ խիստ նկատողությունը, կապված է եղել քոլեջի կադրային նշանակումների հետ. «Մեր մեծամասնության կարծիքով սա զրպարտության, բանսարկության հետևանք է»:

Փոխտնօրեն Մարինա Մադոյանն էլ հայտնեց, որ խնդրով պայմանավորված նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել, ինչպես նաև ԿԳ նախարարի հետ չեն հանդիպել։

Նկատենք, որ մարտի 16-ին քոլեջ էր այցելել ԿԳՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝ առաջարկելով տնօրենի հեռացման հետ կապված առարկությունները վիճարկել դատարանում: