Հույն գործարարները, Աթենքի առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար:

Մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում:

«Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ  բիզնես-կառույցները, այլ գործարարները, որոնք շուկաների հանդեպ լուրջ չեն մոտենում: 2017 թվականի աշնանը մենք փորձում էինք Հունաստանին ներգրավել Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներ, սակայն չստացվեց: Այսօրվա հույն գործարարներին, Աթենքի առևտրաարդյունաբերական պալատին կոչ եմ անում Հայաստանը դիտարկել հարթակ ձեր այդ ցանկալի խոշոր շուկա դուրս գալու համար Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ հույները կարող են հայկական ծագումով ապրանքներն առանց մաքսատուրքի մտցնել Եվրասիական շուկա` 170-միլիոնանոց շուկա, իսկ շուտով դրան կգումարվի նաև 80-միլիոնանոց Իրանը:

«Ուղղակի մենք պետք է այս լճացած վիճակից դուրս գանք: Հավատանք, որ ունենք բոլոր ոլորտներում համատեղ ներուժը աշխատելու: Մենք չդիտարկենք Հունաստանը 7-միլիոնանոց շուկա, Հունաստանը չդիտարկի Հայաստանը  3-միլիոնանոց շուկա: Մենք մեծ ներուժ ունենք իրար հետ աշխատելու, ուստի պետք է ակտիվանալ: Պալատը և միությունը այդ հրավերը կընդունեն: Մենք տարվա վերջ մեծ պատվիրակությամբ կայցելենք Աթենք ոչ միայն վայելելու հունական հյուրասիրությունն ու բարիքները, այլ նաև բիզնես անելու»,- եզրափակեց Ղազարյանը: