Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև տեղի ուենցավ ակցիա ի աջակցություն Իրանում ազատազրկված իրավապաշտպան Նասրին Սոթուդեհի։

Ակցիային մասնակցում էին մի շարք իրավապաշտպաններ և ակտիվիստներ, ովքեր կոչ արեցին Իրանի իշխանություններին՝ ազատ արձակել նրան։ Ակցիայի սկզբում ընդհարում տեղի ունեցավ դեսպանատան անվտանգության աշխատակիցների և լրագրողների միջև։ Անվտանգության աշխատակիցնեը թույլ չէին տալիս նկարել դեսպանատան շենքը։ Ակցիայի կազմակերպիչ, իրավապաշտպան Արման Ղարիբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Նմանատիպ ակցիաներ արվում են մի քանի երկրներում։Մենք ոչ թե պահանջում ենք, այլ կոչ ենք անում Իրանին՝ ազատ արձակել նրան։ Պատժի մեջ է մտնում նաև 140 մտրակի հարված։ Դա կարող է մահացու լինել կամ առաջացնել հաշմանդամություն։ Սա առաջին դեպքը չէ, որ նրան ազատազրկում են։ Նախկինում մեր ակցիաները արդյունք ունեցել են, քանի որ ազատազրկման ժամկետը կիսով չափ կրճատվել է։ Նախատեսված պլաններ չունենք հետագայի համար, բայց հիմա նամակ ենք փոխանցելու»։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը փորձեց նամակը փոխանցել դեսպանատան աշխատակիցներին, սակայն մի քանի րոպե սպասեցնելուց հետո դեսպանատնից պատասխանեցին, որ դա այս պահին անհնար է։ Պողոսյանը փորձեց ամրացնել նամակը դեսպանատան դարպասին, որի արդյունքում հրմշտոց առաջացավ անվտանգության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև։

Դեսպանատանը մոտեցան նաև ոստիկաններ։

Հետագա խնդիրները կանխելու համար Արման Ղարիբյանը դիմումը գցեց նամակների արկղի մեջ։ Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս հետևյալ կոչերով՝ «Ազատություն Նասրինին», «Նասրին, դու մենակ չես» և «Աշխարհը չունի նոր Հյուսիսային Կորեայի կարիք»։ Ակցիային մասնակցում էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին։