Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ: Նիստը ղեկավարում էր ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը։

«Ուզում եմ շեշտել, որ սա ուղղակի աշխատանքային նիստ է և որևէ որոշում վերջնական չէ, ուղղակի քննարկում է»,- նիստի սկզբում ասաց Հայկ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հարկերի մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում։ Գրավատների համար պետական տուրքը դառնում է 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի համար 3միլիոն, փոխանակման դիլերների համար 8 միլիոն, վարկային կազմակերպությունների համար՝ 3 միլիոն դրամ։ Նիստի սկզբում Հայկ Գևորգյանն ասաց, որ հանձնաժողովը ստացել է նամակ, որի տակ ստորագրել են մի շարք տնտեսվարող սյուբեկտներ։ Քննարկմանը ներկա էին նաև անհատ ձեռներեցներ, գրավատների և փոխանակման կետերի շահերի պաշտպաններ։ Նրանք հանձնաժողովին ներկայացրին իրենց պահանջները և որոշակի հաշվարկներ։

Նիստի մասնակից Աշոտ Մխեյանն ասաց. «Մեր ընտանիքի գրավատան պորտֆելը փոքր է, մոտ 20 միլիոն դրամ, եթե մենք այդքան աշխատենք, որը անհնար է, քանի որ մենք Արարատի մարզում ենք գործում։ Անգամ հնարավոր է՝ չկարողանանք վճարել աշխատողների աշխատավարձերը։ Մենք ունենք 2 օպերատոր- աշխատակից և 1 ոսկերիչ։ Դա մեր ընտանեկան բիզնեսն է, մենք մինչ այս ամեն ինչ արել ենք, որ չկորցնենք մեր բիզնեսը։ Հիմա հաստատ կփակվենք»։

«Փոխանակման կետերի տուրքը 60 անգամ բարձրացնելու դեպքում, փոքր ձեռնարկությունները չեն կարող մրցակցել բանկերի հետ», ասաց փոխանակման կետերի ներկայացուցիչ Արամայիս Խաչատրյանը՝ հավելելով.

«Բանկերը 15-ից ավել գործառույթ ունեն։ Բանկերի մասնաճյուղերի պետտուրքը 350.000 է, իսկ գլխամասինը՝ 7 միլիոն դրամ։ Փոխանակման կետերն ունեն մեկ գործառույթ, բայց պետք է վճարեն 3 միլիոն դրամ։ Սա անհամաչափ մոտեցում է։ Մենք հույս ունենք, որ երկխոսության միջոցով կկարողանանք արդյունքի հասնել, բայց մինչ այս, մեզ հետ որևէ քննարկում չի եղել։ Դեռևս 10 տարի առաջ ԿԲ-ի կողմից խիստ օրենքներ ընդունվել են, օրինակ, եթե փոխանակման կետը մի անգամ ՀԴՄ չտա, տուգանվում է 4 միլիոն դրամով կամ զրկվում է լիցենզիայից։ Հայաստանում գործում է 231 փոխանակման կետ, որից մոտավորապես 80-ը՝ մարզերում։ Վերջին 10 տարում փոխանակման կետերի շահույթը նվազել է 2.2%ով»։

Արամայիս Խաչատրյանը հավելեց, որ նման կետերը հնարավորություն ունեն միայն փոքրածավալ գործարքներ կատարելու (100.000 դրամի դեպքում, հաճախորդից անձնագրի պահանջով), իսկ բանկերը 400.000-ից ավել գումարի դեպքում են պահանջում անձնագիր։

Գրավատների ներկայացուցիչ Մհեր Գևորգյանն ասաց՝ «Նման բարձրացում անելուց առաջ պետք է հանրային քննարկումներ արվեին, մանրամասն ուսումնասիրվեր շուկան։ Ոչ մի պետական պաշտոնյայից չենք ստացել մեր հարցերի պատասխանները։ Մենք որոշակի հաշվարկներ ենք արել։ Օրինակ՝ մեր հաշվարկներով, մոտ նման կետերի 30%-ը կփակվի, արդյունքում մի քանի հարյուր մարդ կմնա գործազուրկ։ Կա նաև շրջանառության նվազում, պատճառներից են ՝ ոսկու արտարժույթի նվազումը, տնտեսական խնդիրները, բացի դա, բանկերի և վարկային կազմակերպությունները լոմբարդային վարկեր են տրամադրում, որը նույնպես բացասական ազդեցություն է ունենում։ Կա 128 գրավատուն, կեսից ավելին Երևանում են։ Այս օրենքից հետո հիմնականում նման կետեր կմնան միայն Երևանում։ Փոխանակման կետերի և գրավատների շահերով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ասաց՝ «Գրավատներն այն ձեռնարկություններն են, որոնք օգնում են հրատապ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց։ Թե′ արագության, և թե′ հրատապության առումով, մարդիկ նախընտրում են գրավատներից օգտվելը։ Բացի դա՝ փոքր գումարների դեպքում բանկերում վճարում են՝ 1500-2000 դրամ (80-90000 վարկի դեպքում), իսկ գրավատների դեպքում մի քանի հարյուր դրամ։ Սա ձեռնտու է հասարակության համար»։

«Փոփոխություն հաստատ պետք է արվի, բայց բարձրացվող թիվը ռացիոնալ պետք է լինի»,- իր խոսքում ասաց Աժ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Նա հավելեց՝ «Սկզբունքորեն սխալ է համեմատել բանկերի հետ։ Այս պահին նման շահույթ ունեցող կետերի համար ամսական գրեթե 5000 դրամ տուրքը փոքր թիվ է, բայց հասկանալի է, որ 3 միլիոնն էլ շատ մեծ թիվ է։ Գրավատների ներկայացուցիչներն ասացին՝ եթե ԿԲ-ն տուրքի չափ որոշի, կքննարկեն այդ հարցը։ Այս որոշան թիվը քննարկելի չէ։ Պետք է լինեն խելամիտ թվեր։

Նիստի վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կրկին հանդիպել՝ արդեն նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Հայկ Գևորգյանը խորհուրդ տվեց մասնակիցներին՝ ունենալ առավել հիմնավորումներ խնդրի շուրջ։ Մեր հարցին, թե ինչ են անելու այս կետերի աշխատակիցները, եթե իրենց պահանջները չբավարարվեն, Մհեր Գևորգյանը պատասխանեց. «Այս պահին էլ շարունակվում են մեր բողոքի ակցիաները և բոլորի անունից կարող եմ ասել ՝ դրանք չեն դադարի, մինչև ընդհանուր հայտարարի չգանք»։

Ասպրամ Փարսադանյան