«Փաստ» թերթը գրում է.

«Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության եւ զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել:

Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին եւ գործող իշխանությունների միջեւ համեմատականներ անցկացնելուց եւ որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան: Սվիտալսկին փաստացի հաստատել է այն տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռեւս չի մեկնարկել, այսինքն, այն, ինչ ասում է ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է:

Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությունը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որեւէ խնդիր չկա: Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը եւ զրոյացրել այցի վերաբերյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում