Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմի շատ հաստիքներ, չնայած հայտարարվող մրցույթներին, թափուր են մնում: Կառավարությունն այս ուղղությամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ողջունելով քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները, մատնանշեց  խնդիր: «Երեկ այց եմ կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Առկա էին երկու գլխավոր խնդիրներ՝ բուժմասի համար տրամադրված էր լայն, վերանորոգված տարածք, սակայն այն հագեցած չէ սարքավորումներով, չկա բուժանձնակազմ: Սա, ինչպես հասկանում եմ, համակարգային է բոլոր հիմնարկների համար: Բժիշկները տարբեր պատճառներով խուսափում են քրեակատարողական հիմնարկներում աշխատելուց, և ունենք թափուր հաստիքներ»,-նշեց Սամսոնյանը:

Արտակ Զեյնալյանը նկատեց, որ բժշկական ծառայության մասով իսկապես խնդիր կա: Նա շեշտեց՝ կա հաստատված հայեցակարգ, որին հետևելով պիտի բարելավեն այս ճյուղի որակը: «Շուրջ 27 տոկոսով բժշկական հաստիքները թերհամալրված են, որովհետև աշխատավարձը չափազանց ցածր է՝  ոչ ռեժիմային  բժշկական հաստատություններում բժիշկների ստացած աշխատավարձի համեմատ: Հետևաբար` որքան էլ աշխատանքի ընդունման մրցույթ ենք հայտարարում, մարդիկ խուսափում են ընդունվել աշխատանքի: Կառավարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի բարձրացնի հետաքրքրությունն այս աշխատատեղի նկատմամբ»,-ասաց նա:

Նախարարը նկատեց՝ սարքավորումներով համալրելու խնդիր ևս կա՝ այս մակարդակի բժշկական սպասարկման ծառայության չափով: Նա նշեց՝ կան ստանդարտներ, թե ինչպիսի սարքավորումներ պետք է լինեն, և իրենք ժամանակի ընթացքում դա կապահովեն: