Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է, որ դատավորները դատական տուգանք չկարողանան կիրառել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննության կողմի ներկայացուցչի և պաշտպանի նկատմամբ:

ՀՀ քրեական, վարչական և քաղաքացիական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը Դավթյանը ներկայացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Առաջարկում եմ ՀՀ  2013 թ.  Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննության  մասնակցող դատախազի և գործի քննության՝ որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցողի նկատմամբ: Առաջարկում եմ նույն դրույթը լրացնել նաև ՀՀ Քաղաքացական և Քրեական դատավարության մասին օրենսգրքերում: Օրենքն ընդունվելու ժամանակ բացակայել է այս ներկայացված առաջարկի անհրաժեշտությունը: Դատական պրակտիկայում մենք չենք ունեցել գոնե մեկ դեպք, երբ որ խնդիր առաջանար, և դատավորի կողմից դատախազին կամ փաստաբանին տուգանեին: Նման օրենքի անհրաժեշտություն չի ունեցել ԱԺ-ն այդ ժամանակ: Մենք նաև նպատակ չունենք փաստաբանությունը վտանգելու: Այսօր գործող օրենքը թուլացնում է Հայաստանում փաստաբանությունը»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց՝ իրենց նպատակն է, որ արդար դատական համակարգ ստեղծեն: Պատգամավորը կարծում է, որ դատարանը չպետք է նման լիազորություններ ունենա և դատական նիստի ժամանակ փաստաբանին կամ դատախազին տուգանի:

Կառավարության ներկայացուցիչՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարության համար առաջարկն ընդունելի է: «Կառավարությունը, սակայն, առաջարկել է, որ պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով դատարանը դիմի գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատին: Եվ դա պարտադիր պայման լինի փաստաբանի կամ դատախազի նկատմամբ վարույթ հարուցելու համար»,-ընդգծեց Զեյնալյանը։

Պատգամավորներից ոմանք որոշակի դիտարկումներ ունեին նախագծի վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նկատեց, որ դատավարությանը մասնակցող անձի ներկայացուցիչը երբեմն կարող է փաստաբան չլինել: Այս առումով, նրա կարծիքով, անհավասարության խնդիր է առաջանում: 

Պատգամավորներից ոմանք  առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել մի քանի օրով, դրանում որոշակի լրացումներ և փոփոխություններ կատարել:

Հանձնաժողովի անդամների առաջարկով հարցի քվեարկությունը հետաձգվեց մինչև երկու ամիս՝ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով: