Քիչ առաջ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ այդ կապակցությամբ սպառիչ պատասխան է տվել արդարադատության նախարար Արտակ  Զեյնալյանը․ «Կառավարության որոշումով նախատեսված է այն հիվանդությունների ցանկը, որոնք ազատում են պատիժը կրելուց, սակայն այդ ցանկում չկան այն հիվանդությունները, որոնք խոչընդոտում են կալանքի վերցնելու համար։ Ըստ Արտակ Զեյնալյանի՝ դա օրենսդրական բաց է և մինչև մեր ՄԻԵԴ դիմելը, նախարարը ձեռնամուխ է եղել համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելուն։ Ըստ էության, մենք ասում ենք՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ պահել կալանավորի առողջական վիճակը այն մակարդակի վրա, որով նրան կալանավորել են, եթե նրա առողջությունը  վատթարանում է կալանքի ընթացքում, դրա բացասական հետևանքների պատասխանատվությունը պարտավոր է կրել պետությունը։ Սա Սահմանադրությունով և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված չխոշտանգվելու իրավունքն է, որը մեր պաշտպանյալի դեպքում ակնհայտորեն խախտվել է։ Դրա համար կառավարության որոշման վրա հղում կատարելը ընդամենը բառախաղ է»,- ասաց նա։ 

Փաստաբանի խոսքով՝ իրենք միշտ ասել են, որ կալանքի վերցնելուց հետո իրենց պաշտպանյալի առողջական վիճակը մտահոգիչ է դարձել և ունի ծանր հիվանդություններ, և անկախ նրանից՝ այդ հիվանդությունները ներառված են կառավարության որոշման մեջ պատիժը կրելուց ազատելուց, թե ոչ, տեղի է ունեցել բացասական դինամիկա, կյանքին վտանգ է սպառնում, ինչի մասին բարձրաձայնել է նաև ՄԻՊ-ը։ Հարցին՝ այս պարագայում ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել, Մկրտչյանն ասաց, որ միջնորդություններ են ներկայացրել գլխավոր դատախազին, վարույթ իրականացնող մարմնին, դատարանին, այսօր նաև՝ Վերաքննիչ դատարանին՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կալանքը երկարաձգելու դեմ։ «Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ի արձագանքն էլ կսթափեցնի մեր որոշ դատավորների, որոնք նպատակաուղղված ուզում են մահ պատճառել Գրիգորյանին։ Կարծում եմ՝ կողմնակալ, ուղղորդված, երբեմն փողոցային ազդեցության տակ կայացված, փաստաբանի վրա ճնշումների ներքո իրականացված որոշումները որոշակի դիտավորություն են հետապնդում՝ դուր գալ քաղաքական ղեկավարությանը կամ նրանց հաճո որոշումներ կայացնել։ Սակայն երկրի ղեկավարի կողմից որևիցե ուղղորդում չի արվել, ինչը նույնիսկ չգիտեմ՝ լավ է, թե վատ այն առումով, որ եթե արվեր՝ արդար որոշում կայացվեր՝ գուցեև լավ կլիներ»,- նշեց փաստաբանը։

 

Սոնա Հարությունյան