«Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար։ Մենք ինքներս ենք մեր ձեռքով հարամում մեր երկիրը։ Նման բազմաթիվ օրինակներ կան նաև ոչ բնապահպանական ոլորտներից։ Գրեթե ամեն ինչում կա հենց ժողովրդի մեղքը։ Աղքատությունն իսկապես հենց մեր ուղեղներում է։ Մենք չունենք մարդավարի ապրելու մշակույթ, չենք խնամում մեր միջավայրը, հետևաբար չենք հարգում ինքներս մեզ։ Մեզ համար նորմալ է ապրել խոզավարի ու աղբը նետել հենց լուսամուտից ներքև` նույնիսկ այն դեպքում, երբ կա աղբաման»,- այս մասին, իր սոցկայքի էջում ահազանգել են «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները։

Հրապարակումից 5 օր անց այս խնդիրը կարելի է լուծված համարել։

«Աղստև գետում կատարվել են աղբահանման աշխատանքներ»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ին հայտնեց Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, կոմունալ ծառայությունները համակարգող բաժնի տնօրեն Սամվել Չիբուխչյանը։

Վերջինս իր խոսքում հավելեց․ «Իջևանում աղբահանության խնդիր չկա, ուղղակի դա մարդկանց մոտ սովորություն է։ Ավելի շատ գետի մեջ աղբ են թափում հարակից խանութներից և օբյեկտներից։ Երկու օր առաջ մաքրման աշխատանքներ են իրականացվել, բացի դա, մենք նաև պատիժ ենք սահմանել․ աղբ նետողը կտուգանվի առաջին անգամ 40․000 դրամ, և այդ գինը գնալով կաճի։ Վերջին երկու տարում տուգանքներ չեն եղել, բայց դրանք հիմա վերականգնվել են։ Բացի այս ամենը, մենք քաղաքի տարբեր հատվածներում ավելացրել ենք աղբամանների թիվը, և սա շարունակական է լինելու»։

Ասպրամ Փարսադանյան