Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքում փոքր-ինչ տեմպի նվազում է նկատվում: Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքի վերաբերյալ:

«Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից: Կարծես որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Բայց դա բացատրվում է այն հանգամանքով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով», - նշեց ԱԱԾ տնօրենը: Նա վստահեցրեց, որ գործում ենք միայն օրենքով և փորձում են անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն:

«Այո, աշխատանքներ տարվում են, ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»,-հավելեց Արթուր Վանեցյանը: