Երևանի 2019 թվականի բյուջեում լրամշակման արդյունքում 8 միլիարդ դրամի հավելում կլինի, ինչի արդյունքում բյուջեն կկազմի 91.1 միլիարդ դրամ՝ 83.1 միլիարդ դրամի դիմաց:

 

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունների համաձայն՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի եկամուտների մասում տեղական տուրքերը նախատեսվում է ավելացնել 75 միլիոն 400 հազար դրամով՝ Երևան համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար:

«Նախագծով առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 80 միլիոն 576 հազար դրամով, որից՝  էներգետիկ ծառայություններ հոդվածով՝ 5 միլիոն 125 հազար դրամի նվազեցում, ապահովագրական ծախսեր հոդվածով՝ 443 հազար դրամի ավելացում, ինչը պայմանավորված է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գների բարձրացմամբ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրին ավելացնել 38 միլիոն 257 հազար դրամ, Երևան քաղաքի ճոպանուղու, մետրոյի նոր կայարանի և վարչական շրջաններում նոր կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նախագծով առաջարկվում է 90 միլիոն հատկացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով։

«225 միլիոն դրամով կավելացվի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագիրը, որից 140 միլիոն դրամը Երևանի 2801-ամյակին նվիրված Էրեբունի-Երևան միջոցառման, իսկ 35 միլիոն Տիգրան Մանսուրյան-80, Արթուր Մեսչյան-70, Երվանդ Մանարյան-95, Տիգրան Հեքեքյան-60, Ռուբեն Ադալյան-90, Ռոբերտ Ամիրխանյան-80, Պատանի հանդիսատեսի թատրոն-90, Դրամատիկական թատրոն-50 հոբելյանական ամյակներին նվիրված միջոցառումների, 35 միլիոն դրամ «Երևանյան օրերը Արցախում, Գյումրիում, Վանաձորում» միջոցառումների իրականացման, իսկ 15 միլիոն դրամը հասարակական կազմակերպություններին նվիրատվության համար, ինչը 2018 թ. փաստացի ծախսի նկատմամբ պակաս է 125 միլիոն 215 հազար դրամով»,-ասաց նա՝ հավելելով, որ «Թատրոնների հիմնանորոգում» ծրագրին նախագծով առաջարկվում է 157 միլիոն 413  հազար դրամ հատկացնել` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգման համար: