Համապետական շաբաթօրյակի շրջանակում, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական անհաջող փորձն է արել բացատրելու, թե ինչու է Երևանը շարունակում մնալ «Սանիտեկ» ընկերության գերին: Պարզվում է, քաղաքապետարանը պարզապես չի կարող խզել ընկերության հետ պայմանագիրը, քանի որ կարող է տուգանվել խոշոր գումարով, իսկ երկրորդ օպերատոր ներգրավելը անհնար է, քանի դեռ չի խզվել պայմանագիրը «Սանիտեկ»-ի հետ: Հատուկ նրանց համար, ովքեր արդեն հասցրել են մոռանալ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի տված խոստումները, հիշեցնենք՝ «Սանիտեկ»-ից երևանցիներին ազատագրելը այդ խոստումների թվում էր, եթե ոչ առաջնային խոստումը: Հիմա ստացվում է, որ Մարությանը կամ փայլուն իմանալով ինչն ինչոց է, պարզապես պոպուլիզմի է դիմել երևանցիների քվեները ստանալու համար, արդյունքում կատարել է իր երազանքը՝ որքան ուզել, այնքան խփել է, կամ էլ Մարությանը այնքան հեռու է եղել վարչարարության մասին պատկերացումներից, որ մտածել է նման պայմանագրերը կարելի է խզել գրչի մեկ շարժումով:

Ի դեպ,  երևանցիներին ծաղրելու ռեկորդը այսօր բնավ էլ Մարությանինը չէր: Վարչապետ Փաշինյանը, ով նույնպես միացել էր համապետական շաբաթօրյակին վրդովված հայտարարեց, որ «Սանիտեկ»-ը կարող է նեղանալ և չաշխատել այն ընթացքում, երբ քաղաքային իշխանությունները սկսեն երկրորդ օպերատորի ներգրավման գործընթացը, որի համար, ի դեպ, վեց ամիս ժամանակ է պետք՝ ըստ Փաշինյանի: Նախ հիշեցնենք, որ «Սանիտեկ»-ը բիզնես է անում, իսկ բիզնեսում «նեղանալ չաշխատել» հասկացություն գոյություն չունի, քանի որ այդ պարագայում առաջնային պլան կմղվեն բիզնես հարաբերությունները համակարգող իրավական նորմերը: Երկրորդ՝ քաղաքապետ Մարությանը ուներ այդ վեց ամիսը ՝ առնվազն սայլը տեղից շարժելու համար: Սակայն նա դա չի արել:

 

Եվ այսօր Փաշինյանը և Մարությանը փորձում են երևանցիներին համոզել որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ այսպես էլ պետք է լիներ: Գուցե նրանց ավելի շատ մտահոգում է «Սանիտեկ»-ի նեղանալը, սակայն բնավ էլ բացառված չէ, որ օրինակ՝ նեղանա երևանցիների այն 80 տոկոսը, որը ձայն տվեց Մարությանին և նրա թիմին: Հաջորդ ընտրություններում այդ մարդիկ կարող են պարզապես նեղանալ և չընտրել իմքայլականներին…: