Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին՝ հանրային մեծ քննարկումների առիթ է դարձել: Նամակում նկարագրվում են շուրջ երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձություններ, որոնցով Շիրխանյանը 23 կետերում ներկայացրել է 1998 -1999 թվականների իրադարձությունների՝ իր տարբերակը: ՀՀ երկրորդ նախագահին վերջինս մեղադրում է արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում է ընտրակեղծիքի, պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել: Ըստ Շիրխանյանի՝ Հոկտեմբերի 27-ի պատճառով: նամակի բովանդակության վերաբերյալ ստուգումներ է անցակցնում ԱԱԾ-ն, իսկ Շիրխանյանին կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատեց, որ նամակում առկա են շատ կետեր թե՛ ընտրությունների կեղծման, թե՛ կոռուպցիոն հանցագործությունների, մասնավորապես, գործարքների գների հետ կապված, որոնք հիմք են, որ քրգործ հարուցվի և պետք է դրանք առաջին հերթին քննության առարկա դառնան: «Բավական մեծ աշխատանք պետք է տարվի այդ ամենը պարզելու համար, հույս ունեմ, որ քվեաթերթիկներն ու այդ ընտրական գործընթացի կազմակերպողները ողջ են: Ի վերջո, Հոկտեմբերի 27-ի հետ կապված պետք է լուրջ և խորը ստուգումներ կատարվեն: Եթե նախկինում նման հայտարարություններ աներ Շիրխանյանը՝ սուտ մատնության հիմքով քրեական գործ կհարուցվեր, իսկ այժմ հանցագործության մասին հայտնողը վստահ է, որ չի հետապնդվի, քանի որ ներկա իշխանության հետ կապ ունեցող հայտարարություն չի անում: Ներկայիս իշխանություններն էլ պետք է իմանան, որ սա համատարած է, որ նրանց վերաբերյալ էլ, եթե լինի տեղեկություն, պետք է բարձրաձյանվի»,- ասաց Սաքունցը:

Բաց նամակի բովանդակության վերաբերյալ այլ կարծիք ունի ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ առաջին հերթին Վահան Շիրխանյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի՝ սուտ մատնության, ընտրություններ կեղծելու և մարդկանց վարկաբեկելու համար. «Այնտեղ իրականություն չկա: Այդ մարդը ցնորված է. կամ չի հասկանում՝ ինչ է անում, կամ ուղղակի կյանքի մայրամուտն է, որոշել է ամեն ինչ խառնել այս երկրում: Նա Վազգեն Սարգսյանին մեղադրում է ընտրությունները կեղծելու մեջ: Բայց չեմ հասկանում, թե ինչու է ուզում նրան վարկաբեկել: Նրան կյանքում մեկ էպիզոդով եմ ճանաչել, մեկ էլ գիտեմ, որ մի քանի անգամ Վազգենից ծեծ է կերել, որովհետև ապրանքը ժամանակին կամ ջոկատները ժամանակին Ղարաբաղ ուղարկելու փոխարեն ուրիշ գործերով է զբաղված եղել»,- ասաց Իսագուլյանը:

Վերջինիս անվստահություն հայտնեց ՀՔԾ-ի նկատմամբ՝ նշելով, որ այն չի ծառայում հայության շահերին: «Դա հենց Մարտի 1-ի գործով, ասուլիսով և գաղտնալսումներով էլ պարզ է: Հստակ Վազգենին վարկաբեկելու խնդիր են կատարում: Անհասկանալի է՝ Շիրխանյանը, Ջհանգիրյանը, ՀՔԾ-ն ում են ծառայում. պետք է պարզել: Երկու՝ հայության շահերին չծառայողներ մեկը մյուսին ինֆորմացիա են տալիս: Պետք է նայել՝ ով է իրենց ընդհանուր պապան, ով է իրենց ընդհանուր կառավարում»: