Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն  ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական   խորհրդատու  Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում  քննարկվել են կրթության և գիտության  համակարգում բարեփոխումների հիմնական ուղղություններին, կրթության կառավարման  արդյունավետության բարձրացմանը և գերատեսչական կարողությունների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերը կարևորել են մասնավորապես հաղորդակցության ռազմավարության մշակումը` շեշտը դնելով կրթության բոլոր մակարդակներում մեկնարկած բարեփոխումների գործընթացում հանրային ընկալումների աջակցության դերակատարման բարձրացման վրա:

Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է ներկայումս ընթացող բարեփոխումների ծրագրերը` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտում առաջնային է համարվում կրթական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի մշակումը, միջին մասնագիտական կրթության բնագավառում` դուալ կրթության  համակարգի ներդրումն ու աշխատաշուկայի  հետ ՄԿՈՒ հաստատությունների կապերի ամրապնդումը: Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, ինչպես նշել է Ա. Անափիոսյանը,  մեծապես պայմանավորված են լինելու բուհերում հետազոտական բաղադրիչի ավելացմամբ, որին կնպաստեն  «Բարձրագույն  կրթության և  գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը:

Ոչ ֆորմալ կրթության զարգացումը ևս կարևոր ուղղություն է. այս ասպարեզում հաջողություններ է արձանագրել «Թումո» ստեղծարար կենտրոնը: Մասնավորապես, նախարարի տեղակալի տեղեկացմամբ` Եվրոպական միության և «Թումո» կենտրոնի միջև  օրերս կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է  ինժեներական ևկիրառական գիտությունների նոր համալիրի կառուցումը:  Նոր համալիրն իր մեջ կներառի STEM /մաթեմատիկա, ճարտարագիտություն  և բնագիտական առարկաներ/ հետազոտությունների և ՏՏլաբորատորիաներ, ինչպես նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ: Դրանք հնարավորություն կտան բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել կիրառականհմտություններ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական թիմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարությանը` հաղորդակցության ռազմավարություն մշակելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: