«Քաղաքացու օրվա հետ կապված մենք խմբակցությունում դեռ չենք քննարկել և հստակ դիրքորոշում չունենք դեռ, բայց, այնուամենայնիվ, ես դեմ չեմ, որ լինի նման օր»- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ վստահ է` այդ օրը նշվելու է, սակայն, լավ կլինի, եթե անցնի որոշ ժամանակ և նկատելի փոփոխություններ լինեն քաղաքացիների կյանքում․ այդպիսով նրանց համար տոն կլինի ամեն օր: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ օրը նշելու հետ կապված՝ քաղաքացիների տարանջատումներին, արդյոք դա միայն նրանց տոնն է, ովքեր իրականացրել են իշխանափոխությունը, Մարուքյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների մեջ ներդրում ունեն Հայաստանի բոլոր քաղաքացիները: Եթե հռչակվի նման տոն՝ դա պիտի լինի բոլորի տոնը, և մենք ուղղակի չենք կարող մեր քաղաքացիներին տարանջատել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ»,-շեշտեց Մարուքյանը: 

Նրա խոսքով` ոչ պնդում է, որ լինի, և ոչ էլ դեմ կլինի հռչակվելու դեպքում: Կարևոր է այն, որ ամեն օր շոշափելի բարեփոխումներ լինեն քաղաքացիների համար:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ