ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երևույթը հանրության շրջանում լայն քննարկման առարկա դարձավ, մարդիկ հարց են բարձրացնում, թե փորձառու և պատերազմի միջով անցած, ամեն օր սահմանին կանգնած և զինվորի հետ շփվող սպաների համար ի՞նչ դասախոսություն կարող են կարդալ բանակում չծառայած պաշտոնյաները։

ԼՈՒՐԵՐ.com-ն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ, ով նախ չէր հավատացել այն իրողությանը, որ հնարավոր է՝ Ավինյանը դասախոսություն կարդա, ապա ֆեյսբուքում գրել էր, թե դա կեղծ լուր է (խմբ.- մեջբերում ենք՝ «Ախր եթե մարդ միաբջջից մի փոքր ավել ինտելեկտ ունենա կհասկանա ֆեյք էջի տարբերությունն իսկականից ու ֆեյքերով ապալուր տարածելու փոխարեն մի քիչ կմտածեր»), այնուհետև հեռացրել էր գրառումը, հավանաբար տեղեկանալով, որ ինֆորմացիան ֆեյք չէ:

Այնուամենայնիվ, պատգամավորն այն կարծիքին է, թե դասախոսությունները չեն կարող լինել զինվորական ծառայությանը վերաբերվող։ «Եթե չեմ սխալվում, Տիգրան Ավինյանը տնտեսական թեմայով է դասախոսություն կարդացել, բուն նյութը չգիտեմ, բայց ընդհանուր թեման տնտեսական է եղել, ոչ թե ռազմական»։

Այսօր էլ, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովին և ելույթ ունեցել գիտնականների համար, չմոռանանք, որ Փաշինյանն ինչ-ինչ պատճառներով, այդպես էլ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ չի ստացել:

Մեր դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվել, որ երկրի վարչապետը չի ծառայել բանակում, բայց դասախոսություն է կարդում սպաների համար, դիպլոմ չունի, բայց խորհուրդներ է տալիս գիտնականներին, Փամբուխչյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ դիպլոմ չունենալուն, ապա այդ հանգամանքը երբեք չի խանգարում։ Սա պաշտպանողական պատասխան չէ։ Նիկոլ Փաշինյանը մշտապես եղել է Հայաստանի քաղաքական դաշտում, դրսևորել է իրեն նաև լրագրության ոլորտում, և դա ապացույցն է, որ դիպլոմ չունենալը ոչ թե անգրագիտության նշան է, այլ որոշակի քաղաքական հանգամանքների։ Դիպլոմ չունենալը ոչ թե նշանակում է, որ նա չի սովորել, այլ այն, որ նա չի ստացել ավարտական փաստաթուղթը։ Առհասարակ, ես կարծում եմ, որ դիպլոմով չի չափվում մարդու գիտելիքը, այսօր մարդիկ լայն հնարավորություններ ունեն ինքնակրթվելու»։

Պատգամավորը հավելեց, որ շատ կարևորում է համալսարանական կրթություն անցնելը, բայց ինքնակրթության միջոցով էլ կարելի է հասնել ցանկալի արդյունքների։

Ասպրամ Փարսադանյան