«Ինտերնետ դաշտում ռեֆերատների, կուրսայինների և այլ աշխատանքների վաճառքն արգելել առայժմ հնարավոր չէ, դա հասկանալի է, քանի որ նման գործիքակազմ այս պահին չկա: Գովազդի առումով արգելքը, որը պիտի գործի՝ ավելի շատ լինելու է ԲՈւՀ-երի դաշտում, խախտելու դեպքում տուգանքը լինելու է վարչական` կազմելու է վաճառքի սահմանված չափի հարյուրապատիկը»- այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը սահամանափակելու վերաբերյալ իր ներկայացրած նախագծին:

Պատգամավորը հավելեց, որ առայժմ գովազդը կարգելվի, իսկ հաջորդ փուլով` փորձագիտական եզրակացության հիմքով նաև փոփոխություններ կլինեն առևտրի և ծառայությունների, ինչպես նաև կրթության մասին օրենքներում: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե գործող նման կազմակերպությունների վաճառքն արգելել եթե հնարավոր է, ապա գաղտնի և անհատապես վաճառք կատարվելու դեպքում ի՞նչ վերահսկողություն և պատիժ է սահմանվելու` Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «ԲՈւՀ-երում պետք է գործիքակազմ լինի. կներմուծվեն գրագողությունը բացահայտող էլեկտրոնային համակարգեր` բազաների թարմացմամբ: Սա է հիմնական ճանապարհը գրագողությունը մեկընդմիշտ վերացնելու համար: Այսօր գովազդի արգելումը, հետո նաև վաճառքի արգելումը մենք ստիպված ենք անում, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրենք խնդրին, ծնողները հետևողական լինեն, ուսանողները գիտակցեն, որ դա վատ բան է, և այդ ձևավորված մշակույթը չշարունակեն»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ավելի լավ է ուսանողը մեկ ու կես էջ վերլուծություն գրի և ներկայացնի դասախոսին, քան 30 էջ գնված ռեֆերատ:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորը չպիտի շարունակի ղեկավարել` Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ իր կարծիքով վարչապետը դա ընդհանրական է ասել: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին` արդյոք վարչապետը իսկապես չի կենտրոնացել որևէ ռեկտորի վրա, քանի որ նրա հայտարարությանը հաջորդեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունը, թե ինքն ուսանողների առաջ դուռ չի փակել (ըստ երևույթին, Արամ Սիմոնյանը ակնարկն իր ուղղությամբ է ընդունել)` պատգամավորը պատասխանեց.

«Հեղափոխության օրերին ԵՊՀ տարբեր դասախոսներ և ուսանողներ հայտարարեցին, որ իրենց առաջ փակել են իրենց մասնաշենքերի դռները: Այդ առումով ես չգիտեմ, թե դա արջի ծառայություն է եղել Արամ Սիմոնյանի համար, թե ինքն է այդպես պահանջել, բայց դռներ փակվել են: Միգուցե ինքը չի հրահանգել, դա պետք է նրանից ճշտել»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ