Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դուստրը՝ Մարիամ Գրիգորյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ գրում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դուստրը` Մարիամ Գրիգորյանը: Պարոն վարչապետ, ինձ համար չափազանց դժվար է գրել կամ խոսել իմ կորսված ու ճնշված մանկության մասին: Ես հինգ տարեկան էի, երբ հայրս ընտանիքի հոգսերը հոգալու ակնկալիքով ճակատագրական սխալ թույլ տվեց և կենդանության իսկ օրոք մեզ մենակ թողեց:

Ըստ քրեական գործի նա սպանություն չի գործել և արդեն 24 տարի իր պատիժն է կրում կալանավայրում: Ինքս արդեն վեց տարեկան որդի ունեմ, և երբ իմ որդին հարցնում է իր պապիկի ու նրա գտնվելու տեղի մասին, ամբողջ ներաշխարհս տակնուվրա է լինում, հոգեկան ցնցում եմ տանում: Նա` հայրս, չկարողացավ ինձ ու եղբորս հայրություն անել, և ամեն օր ես աղաչում եմ Աստծուն, որ կարողանա գոնե իր երեք թոռնիկներին պապիկ լինել: Եվ ես անչափ ցանկանում եմ, որ իմ և եղբորս երեխաները մեծանան առանց այն «պիտակի», որով ես և եղբայրս ենք մեծացել:

Մորս չարչարանքի շնորհիվ մենք բարձրագույն կրթություն ստացանք, ընտանիք կազմեցինք` հորս կարոտը մեր սրտերում: Հայրս` ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ( այդ «ցմահ» բառից հոգեկան խեղում ենք ստացել), շատ վաղուց է զղջացել իր արարքի համար, նա այդ մասին հաճախ է գրել տարբեր լրատվամիջոցներով: Գրել է նաև իր տառապանքների, Նոր Հայաստանում իր հույսերի ու երազանքների մասին, որպես քաղաքացի մեր երկրին ծառայելու մասին:

Գրել ենք բազմաթիվ խնդրագրեր, նամակներ, անընդհատ բարձրաձայնել ենք, սակայն` անօգուտ: Հիսուսը ներեց խաչափայտին գամված հանցագործին, Դու´ք էլ ներեք, խնդրում ենք, պարոն Փաշինյան, մի´ թողեք, որ հայրս կալանավայրում կնքի իր մահկանացուն, ինչպես շատերի հետ եղավ: Դուք էլ եք հայր, և շատ եմ խնդրում, որ հասկանաք իմ ցավը և ընդառաջեք մեր խնդրանքին, ազատություն պարգևեք սիրելի հայրիկիս` Ստեփան Գրիգորյանին:

Խորին հարգանքով ու հավատով` Մարիամ Գրիգորյան»,-գրել է նա։