ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։

Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Առաջին գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով: Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Մեղրիի զորամասերից մեկում միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին:

Նա նշել է, որ ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: «Նշված դեպքի կապակցությամբ, որն այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: 

Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող հետայսու էլ խստագույնս պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են»,- գրել է Հովհաննիսյանը:

Պատժված զինծառայողներից մեկի ծնողը պատմել է, որ մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից՝ որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող: