Նիդերլանդական եկեղեցին տոնում է՝ իմանալով, որ հոգևորականների չընդհատվող պատարագն օգնել է լուծել կեցություն հայցող հայկական ընտանիքի չարտաքսման խնդիրը: Հաագայի բողոքական եկեղեցին մարտի 26-ին հայտարարել է, որ Թամրազյանների հինգ հոգանոց ընտանիքը նիդերլանդական կառավարությունից ստացել է բնակության իրավունք:

Եկեղեցու խոսնակ, հոգևոր սպասավոր Թեո Հաթեման «Հաֆինգտոն փոստ»-ին հայտնել է, որ եկեղեցին անչափ ուրախ է Թամրազյանների համար և շնորհակալ Աստծուն: «Մենք գնահատում ենք, որ մեր աղոթքին միացան նաև Նիդերլանդների այլ կազմակերպություններ՝ հասնելու նման արդյունքի»,-նշել է նա:

 

Ընտանիքի ավագ դուստր Հայարփի Թամրազյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել աջակիցներին՝ գրությունն ուղեկցելով երախտիքի բանաստեղծությամբ:  

Lieve mensen,
We hebben alle moeilijkheden samen gedragen. We hebben eindelijk een verblijfsvergunning gekregen. Dank jullie wel allemaal voor jullie steun, jullie gebeden, kaarsjes etc! #kinderpardon #kerkasielBethelhttps://t.co/fLEbffH61Q
Zie hieronder voor een nieuw gedicht pic.twitter.com/ydWvmTl2hN

— Hayarpi (@hayarpi_3) 26 марта 2019 г.

2018թ. հոկտեմբերի 26-ից մինչև հունվարի 30-ը (ավելի քան 96 օր` 2327 ժամ), Թամրազյաններն ապրել են Հաագայի եկեղեցու ներսում՝ արտաքսման չենթարկվելու համար: Ավելի քան 1000 հոգևորականներ՝ Նիդերլանդների ողջ տարածքից, առանց դադարի՝ շաբաթը 7 օր և օրը 24 ժամ, աղոթում էին, քանի որ նիդերլանդական օրենքն արգելում է ոստիկանությանը մուտք գործել եկեղեցի պատարագի ժամանակ: Եկեղեցին որոշել էր նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ մատուցել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին: Շուրջօրյա աղոթքը դադարել էր միայն այն ժամանակ, երբ երկրի քաղաքական ղեկավարությունը համաձայնել էր կացության դիմում ներկայացնելու ևս մեկ շանս տալ: Ոստիկանությունը ստիպված էր թույլ տալ ընտանիքին մնալ երկրում՝ մինչ քննվում էր նրանց դիմումը:

Թամրազյաններն ապրել են Նիդերլանդներում ինը տարի:

Հաագայի բողոքական եկեղեցին հայտնել է, որ Թամրազյանների հետ մի քանի այլ ընտանիք ևս բնակության իրավունք է ստացել: