«Պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, ում թալինցիները խնդրել էին բարձրացնել «Արմենիա ՀԸ»-ով հեռարձակվող «Ֆուլ Հաուս» հաղորդման հարցը, մասնավորապես, այն, որ այդ հաղորդման սերիաներից մեկի ժամանակ ինչ-որ տան լուսանկար են ցույց տվել և ասել, որ այն տուն չէ, այլ` գոմ և գտնվում է Թալին քաղաքի կենտրոնում, կարծում եմ պետք է դիմի ռադիոհեռուստատեսային խորհրդին»,- հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` նշելով, որ սերիալների մեջ իսկապես կան վատ որակումներ, բայց ի ուրախություն թալինցիների, Բնապահպանության նախարարությունը «Կանաչ Թալին» ծրագիր է իրականացնում և նրանց քաղաքի հետ կապված այնպիսի նպատակներ կան, որ Թալինը դառնալու է բավականին հետաքրքիր քաղաք զբոսաշրջության համար:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսված այդ նպատակով և արդյոք այս տարի արդեն հնարավորինս իրագործված կլինի` նախարարը պատասխանեց. «Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց, այդ մեկնարկը մենք Թալինից են տալու: «Կոկա-Կոլա» ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք աղբի տեսակավորում ենք իրականացնելու, Թալին քաղաքում լինելու են աղբի տեսակավորման խցիկները և մեր բոլոր դրամաշնորհային ծրագրերը  փորձում ենք կենտրոնացնել Թալինում: Թալինում կլինեն նաև արևային էներգիան կլանող համակարգեր, կաթիլային համակարգեր` այսինքն, կլինի մի տեղ, որտեղ նոր բնապահպանական տեխնոլոգիաները և մեր պիլոտային միջոցառումները կկարողանանք իրականացնել: Թալինը բոլոր նախադեպերը ունի զբոսաշրջության համար հետաքրքիր քաղաք դառնալու և մենք նպաստելու ենք դրան, մեկնարկն արդեն տվել ենք»:

Սիլվի Տիգրանյան