Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարում արձանագրված անկումը կապված է եղել մի շարք գործոնների հետ` վնասատուների, սխալ պլանավորման, նաև ստվերային այգիների, որոնք կառավարությունը բացահայտել է: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ կառավարության անցյալ տարվա ծրագրով տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ էին նշվել գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը, սակայն նա նկատեց, որ գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել:

«Նախորդ տարի վարչապետի հինգ ընտրություններ են տեղի ունեցել, եղել է խորհրդարանական արտահերթ ընտրություն, քաղաքապետի ընտրություն, հեղափոխություն: Եվ այդ հեղափոխությունից հետո կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլ նաև խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից, ապահովել տնտեսության աճ: Այդ ընթացքում եղել է նաև գյուղատնտեսության անկում: Այդ անկումը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, նաև ստվերային այգիների գոյության հետ, որը մենք բացահայտել ենք»,-ասաց Փաշինյանը: