«Ես կարծում եմ՝ երբ մենք որևէ որոշում ենք կայացնում, պետք է բազմակողմանի և խորը ուսումնասիրություն անենք»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու որոշման մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Իհարկե, եթե մենք որոշում ենք հարկել վերջնական սպառումը և վերջնական սպառման ապրանքները, ուրեմն պետք է նկատի ունենանք և չստորադասենք երկրի տնտեսական մրցակցությունը և առանձին ճյուղերում արտադրողի մրցունակությունը։ Այսինքն, պետք է մանրամասնորեն ուսումնասիրենք և վերլուծենք այդ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը։ Դրանից հետո կարող ենք հասկանալ փոփոխության հետևանքները տնտեսության և տվյալ ոլորտի վրա։ Ոչինչ չեմ ուզում բացառել, հնարավոր է, որ փոփոխվի նաև փոխանակման կետերին վերաբերող դրույթը»,-նշեց պատգամավորը։

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆՀարցին, թե արդյո՞ք ներդրողների համար խոչընդոտ չէ, երբ իմանում են, որ բիզնեսմենները գումարներ են նվիրում պետությանը, Խաչատրյանը պատասխանեց․ «Դա խոչընդոտ կլիներ, եթե արվեր զենքի տակ՝ բռնությամբ։ Այդ պատճառով մենք միշտ հայտարարել ենք, որ թափանցիկություն է պետք, և ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում, որպեսզի որևէ անորոշություն մենք չունենանք։ Անորոշություններն են, որ ծնում են ռիսկեր։ Առհասարակ, կոռուպցիայի բացակայությունը և ազատ մրցակցությունը ներդրողների համար նպաստավոր են, բայց սրանք լիովին բավարար չեն»։ Պատգամավորը նշեց, որ պետք է իրականացվի թիրախային ներդրումային քաղաքականություն՝ Հայաստանը ներդրողների համար ավելի նպաստավոր և գրավիչ դարձնելու համար։