Ես չեմ կարող նպատակահարմար համարել կամ չհամարել, որովհետև դա իրենց խմբակցության որոշումն է և իրենք գիտեն նպատակը, թե ինչու են գնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները ԱԺ-ում քվորում չապահովեցին և դրա փոխարեն մեկնեցին Արցախ: 

Հարցին, թե բոյկոտ կարելի՞ է համարել Սամսոնյանը  նշեց. «Չեմ կարող ասել, երևի թե իրենց հարցնենք»:

Դիտարկմանը, որ հաշվի առնելով, որ սա երկրորդ ընթերցումն էր և քվեարկությունը տևելու էր 20 րոպե, արդյոք չէի՞ն կարող քվեարկել, նոր գնալ, Սամսոնյանն ասաց. «Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, ինչու չէին եկել, և ինչու էին դրա փոխարեն գնացել Արցախ»: 

Սամսոնյանը հավելեց, որ 4 ժամ հետո կարող են տալ հստակ գնահատականներ, եթե 4 ժամ հետո նորից նիստը չկայանա, նախագիծը չքվեարկվի առաջանալու է իրավական վակուում: 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քնարկելու և քվեարկելու հարցն է: 

Ազգային ժողովի արտահերթ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա, չեն կարող նիստը սկսել: