Ղրիմի և Ռուսաստանի միավորման 5-ամյակի առիթով Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես՝ «Ժողովրդական կամքի ուժը» խորագրով:  Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից լիազոր ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը բացման խոսքում նշեց, որ Հայաստանն ու Ղրիմն անքակտելիորեն կապված են: Դարեր շարունակ միասին են եղել և շարունակում են միասին լինել:  Նա հիշեցրեց, որ հինգ տարի առաջ Ղրիմի ժողովուրդը բարձրաձայնեց իր մտադրության մասին բացարձակ լեգիտիմ հանրաքվեի միջոցով: «Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանյան մասնաճյուղում նման միջոցառում կազմակերպելը  շատ կարևոր և հատկանշական է»,- ասաց նա՝ կատակելով, որ «Ղրիմյան գարունն» էլ հայեր են արել:

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ նշեց, որ Ղրիմի պատվիրակությունը ինքնորոշման 5-ամյակին նվիրված ծաղիկներ է խոնարհել Հովհաննես Այվազովսկու արձանին: «Հովհաննես Այվազովսկին ստեղծագործել է  Ղրիմում և շատ  բան է արել իր հարազատ քաղաքի՝ Թեոդոսիայի համար: Ես ուզում եմ շնորհակալություն հատնել Ղրիմի ղեկավարությանը՝ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը պատշաճ կազմակերպելու համար»,-ասաց նա:

«Ժողովրդական կամքի ուժը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են Ղրիմի անցյալի և ներկայիս ձեռքբերումներին նվիրված լուսանկարներ:

Ցուցահանդեսին հաջորդեց միջազգային գիտակիրառական կոնֆերանս՝ «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով, որտեղ զեկույցներ ներկայացվեցին ղրիմահայության, Ղրիմի պատմության մասին: