ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է, դատարանը մերժել է դատախազության բողոքը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Արդեն տեղեկացրել ենք՝  նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: 

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննության այս փուլում պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ: