Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը ողջունել է պատգամավորների այցն Արցախ և կարևորել նմանատիպ հանդիպումների անցկացումը՝ արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից։

ԱԳՆ ղեկավարը պատգամավորներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե-յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, ինչպես նաև միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։