ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտ, և՛ ուրախությունը: Աշխարհով մեկ սփռված ասորիների մի մասը վաղուց ի վեր բնակություն է հաստատել Հայաստանում՝ դառնալով մեր հասարակության անքակտելի մասը: Այն իր մշտական և անուրանալի ներդրումն է ունեցել մեր երկրի բազմակողմանի զարգացման ու առաջընթացի գործում: Թող բնության վերազարթոնքը խորհրդանշող սիրո և պտղաբերության այս շքեղ գարնանային տոնը կառուցողական նոր ծրագրերի և մտահղացումների իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար: Մաղթում եմ ձեզ բարօրություն և բոլոր ազնիվ նպատակների իրականացում: Շնորհավոր Հաբ-Նիսան»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում: