Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Այնուհետև նախարարությունը փոխեց մոտեցումը հայտարարելով, որ Օրբելյանին ազատել են պաշտոնից հայերեն լեզվին չտիրապետելու պատճառով, իսկ դա ինչպես գիտենք, օրենքի պահանջ է: Սակայն օրենքի պահանջը, ինչպես երևում է՝ Նոր Հայաստանում տարածվում է ոչ բոլորի վրա:

Օրինակ, եղան ծավալուն քննարկումներ՝ կապված Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի՝ մայրենի գրական լեզվին չտիրապետելու մասով: Վերջինիս տված հարցազրույցներից մեկը մշակութային շոկ էր բազմաթիվ մեր հայրենակիցների համար: Իհարկե, իր առօրյա կյանքում պաշտոնյան կարող է խոսել` «ա» վերջավորությունն օգտագործելով, բայց ելույթի ժամանակ պարտադիր պետք է օգտագործի` «է» օժանդակ բայը, որովհետև լեզվի մասին օրենքում կարգավորված է հրապարակային խոսքը կամ պետական միջոցառումների վարումը` գրական հայերենով: Հիմա ինչ է ստացվում՝ Ռևազյանը, ըստ էության, հայերենին չի տիրապետում, սակայն շարունակում է պաշտոնավարել, իսկ Օրբելյանը պետք է անհապաղ լքի՞ պաշտոնը: Երկակի ստանդարտները պոզով-պոչո՞վ են լինում…