«Իշխանության մեկ տարվա աշխատանքը կգնահատեմ շատ լավ, որովհետև մեկ տարվա մեջ արձանագրվեց աննախադեպ փաստ` կործանվեց ավազակապետությունը»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը` անդրադառնալով հեղափոխության մեկ տարվան և գրանցած արդյունքներին:

Նախորդ ռեժիմի վերացումը Նարինե Թուխիկյանը համարեց հեղափոխության մեծագույն ձեռքբերումը.

«Հաջորդ ձեռքբերումը նոր հարաբերությունների հաստատումն է` բոլոր ոլորտներում: Հայաստանի պատմության համար աննախադեպ էր նաև արդար և թափանցիկ ընտրությունները և յուրաքանչյուր քաղաքացի հասկացավ, որ ինքն է որոշողը, թե ինչպես զարգացման տանի իր հայրենիքը»,-ասաց պատգամավորը: Հարցին, թե արդյոք նոր իշխանությունները չունեցան թերացումներ, որոնք ժողովրդի դժգոհությունները շարժեցին պարբերաբար, որքանո՞վ են դրանք տեղին, պատգամավորը պատասխանեց. «Բացարձակ տեղին չէ, որովհետև սովորաբար նման պահանջներ ներկայացնում են նրանք, ովքեր իրենց պարտավորությունը չեն զգում, որևէ քայլ չեն անում առաջընթացի համար: Եթե մարդը հասկանում է, թե ինչպիսի աղետալի վիճակ է ժառանգել Հայաստանը տնտեսապես, բարոյապես և ամեն տեսակ, ուրեմն կարող է վերլուծել և հասկանալ, որ հնարավոր չի շատ արագ որևէ բան շտկել: Բոլոր ասպարեզներում փլատակներ կան և այդ փլատակները վաղուց են եղել, հիմա ժամանակն է այդ փլատակները վերակառուցելու կամ բոլորովին նոր բան կառուցելու»- ասաց Նարինե Թուխիկյանը` ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր ասպարեզում պիտի աշխատի:

Հարցին, իսկ եթե դժգոհողները գործազուրկ անձինք են, որոնց համար աշխատատեղեր չկան և նոր հնարավորություններ, ապա հասկանալի չէ՞ նրանց բողոքը, պատգամավորը պատասխանեց.

«Սա օբյեկտիվ իրավիճակ է, բայց այդպես հիմա չի, որ եղել է, այդպես միշտ էր: Մինչ հեղափոխությունը մարդիկ հույսեր ունեին և հիմա էլ ունեն: Վարչապետն անընդհատ իր ելույթներով հրավիրում է աշխատանքի, էլ ի՞նչ անի պետությունը կամ կառավարությունը, եթե անընդհատ ասում են հենց դուք քայլ արեք, սկսեք, դուք գործի անցեք, մենք ձեր կողքին ենք և վերադարձնում ենք ձեր ծախսը: Անշուշտ կլինեն մարդիկ, ովքեր կզրկվենք աշխատանքից, բայց նրանց էլ կառավարությունը ճանապարհ և հնարավորություն է տալիս նոր հմտություններ ձեռք բերելու, վերապրոֆիլավորվել»,-եզրափակեց Նարինե Թուխիկյանը` վստահեցնելով, որ քայլ առ քայլ արվում է հնարավորը և չկա մի բան, որ հնարավոր է այս ընթացքում անել և չի արվել:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ