Հանրապետությունում առկա են 2 500-ից ավելի սողանքային տեղամասեր: Դրանցից առանձնացված է 70 տեղամաս, որտեղ խնդիրը սուր է դրված: Ընթացիկ տարում՝ ապրիլի 1-ի դրությամբ, արդեն սողանքային երևույթի ակտիվացման մեկ ահազանգ է եղել: Այն Սյունիքի մարզում է: Դրանից բացի, տասնմեկ քարաթափման ահազանգ է եղել: Հրավիրված ասուլիսում Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Գիդաչյանը նշեց, որ սողանքների, քարաթափման հետ կապված խնդիրները հիմնականում կապված են ջրերի հետ՝ գրունտային, անձրևային ջրեր, առատ ձնհալ:

«Սողանքների տեսանկյունից առավել վտանգավոր հատվածներն են Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը, Լոռին: Մեր կողմից կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, աշխատում ենք բնակիչների հետ, հորդորում ենք, որ այդ տարածքներում ջրերի կառավարմանը հատուկ ուշադրություն դարձնեն, առատ չջրեն հողատարածքները: Իհարկե, անձրևները նույնպես իրենց ազդեցությունն ունեն, սակայն բնակիչների կողմից ճիշտ քայլերը նույնպես կարևոր են»,-ասաց Տիգրան Գիդաչյանը: Նա ընդգծեց, որ, իհարկե, խնդիրներ լինում են, սակայն, ընդհանուր առմամբ, սողանքային գոտիներում բնակիչները շատ պատրաստակամ են և ցանկացած հարցի դեպքում աջակցում են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել և արդեն իրականացվում են աղետների ռիսկի կառավարման պլաններ: Տիգրան Գիդաչյանը նշեց, որ դրանցում առանձին հատվածով նշված են համայնքին սպառնացող հնարավոր վտանգները: Եթե կան սողանքային, քարաթափման երևույթներ, ապա նախանշված են կոնկրետ միջոցառումներ, գործողություններ, որոնք ուղղված են խնդիրների կանխարգելմանը, հետևանքների նվազեցմանը:

Սողանքային հատվածներում բնակիչների բնակարանային խնդրի հետ կապված՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ գոյություն ունի հայեցակարգ, որտեղ բոլոր հարցերը ներկայացված են:

«Եթե այդ տարածքում մինչև 10 տուն է վթարային, ապա հնարավոր է խնդիրը լուծել բնակարան ձեռք բերելով՝ ֆինանսական աջակցությամբ: Եթե նման տները 10-50 են, ապա նույն այդ բնակավայրում այլ հողատարածք է հատկացվում: Արդեն 50-ից ավելի դեպքերում համայնքի վերաբնակեցման անհրաժեշտություն է առաջանում: Նման դեպքերում համայնքները պետք է հետևողական լինեն այդ վթարային տների քանդմամբ, ինչպես նաև հողերի նպատակային նշանակության փոփոխմամբ, որպեսզի նորից շինարարություն չլինի այդտեղ»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Գերատեսչությունների ներկայացուցիչները լրագրողների խնդրանքով անդրադարձան նաև Երևանի Սարի թաղի բնակիչների տների խնդրին, որոնք վթարային են: Տիգրան Գիդաչյանը նշեց, որ խնդիրը նոր չէ, այն բարձրացվել է կառավարությունում: Որոշումներով իրականացվել են հատկացումներ վերաբնակեցման կամ օգնություն ցուցաբերելու համար:

Տանյա Արզումանյանը նշեց, որ Սարի թաղում 2009-2010 թվականներին այդ պահի դրությամբ 4-րդ աստիճանի վնասվածության տների բնակիչները վերաբնակեցվել են:

«Այնտեղ նույն հիմնախնդիրն էր՝ սողանքային տեղամասեր, գրունտային ջրեր, տների ոչ ճիշտ շահագործում, այսինքն՝ խնդիրների մի ամբողջ փունջ է ձևավորվել: 2018 թվականի ընթացքում սկսեցին նորից ահազանգեր գալ: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կառավարությունից ստացվեց հանձնարարական գույքագրել խնդիրները, ֆինանսական գնահատական տալ: Արդյունքում՝ 12 տան վերաբերյալ փաթեթ կազմվեց, ներկայացվեց Քաղաքաշինության կոմիտե: Հետագայում վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ֆինանսական գնահատականը»,-ասաց նա:

Տանյա Արզումանյանը նշեց, որ համայնքներում, ընդհանուր առմամբ, չունենք շրջանառու բնակարանային ֆոնդ: Բնական աղետներն անկանխատեսելի են, և, ըստ նրա, քաղաքականությունը պետք է միտված լինի այդ շրջանառության ֆոնդի ձևավորմանը, որպեսզի լուրջ խնդիրների դեպքում հնարավոր լինի մարդկանց ժամանակավորապես տեղափոխել անվտանգ հատվածներ մինչև բնակարանային խնդրի լուծումը: