Ի հիշատակ ապրիլյան զոհերի, Գյումրիում ապրիլի 1-ին երեկոյան տեղի ունեցավ մոմավառություն: Մոմավառությունը մեկնարկեց քայլերթով Գյումրու «Հայուհու» հրապարակից դեպի «Վարդանանց» հրապարակ: Քայլերթին միացել են մարզային իշխանությունները՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ արդեն հրապարակում նրանց են միացել քաղաքային իշխանության ներկայացուցիչներÕ! ¨:

Հիշատակի միջոցառմանը ներկա էին ապրիլյան պատերազմի հերոսների հարազատներն ու ընկերները: Հրապարակում՝ մեծ էկրանին ցուցադրվեց նաև հերոսների մասին պատմող ֆիլմ: Իսկ մինչ մոմավառությունը, ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին ավտոերթ է անցկացվել: Ավտոերթի մասնակիցները շարժվել են դեպի արցախյան ազատամարտի հերոսների պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին, կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Միջոցառման կազմակերպիչը ապրիլյան պատերազմում թշնամու 3 տանկ ոչնչացրած հերոս Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանն էր:

Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքներում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև ապրիլի 2-ին: