Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի անցած տարվա վճարային հաշվեկշիռը։ Ինչպես հայտնի է, սա մի փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նաև կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ։ Ըստ այդմ, անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքները, մեղմ ասած, հեռու են սպասելիքներից։ Փաշինյանի ակնկալած և խոստացված ներդրումային բումը այդպես էլ չեղավ: Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ուղղակի կապիտալ ներարկումների զուտ հոսքերը կազմել են 70,7 մլն դոլար։ Սա գրեթե 5 միլիոնով պակաս է երրորդ եռամսյակի ցուցանիշից:

Սա առաջին դեպքը չէ, որ ԿԲ-ն հերքում է վարչապետին: Այդպես է պատահում գրեթե յուրաքանչյուր անգամ, երբ վարչապետ Փաշինյանը որևէ կարևոր տնտեսական ցուցանիշ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: Հիմա ի՞նչ է ստացվում՝ Ջավադյանը թունդ հակահեղափոխական է և սաբոտա՞ժ է անում կառավարությանը: Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ վերջինս դեռ չի ազատվել զբաղեցրած պաշտոնից: Եթե Ջավադյանը հակահեղափոխական չէ, ուրեմն ստում և հանրությանը մոլորեցնում է հենց Փաշինյանը, իսկ ԿԲ-ն անում է իր գործը, քանի որ այն կառույցը չէ, որ զբաղվի քաղաքական պոպուլիզմով, ԿԲ-ն ստիպված է քիչ թե շատ իրատեսական թվեր հրամցնել թե՛ մեր հանրությանը, թե՛ միջազգային համապատասխան կառույցներին: Եվ Փաշինյանն էլ պետք է հասկանա, որ օտարազգի ներդրողները ներդրում անելիս ուշադրություն են դարձնելու ոչ թե իր ներքին սպառման համար նախատեսված պոպուլիստական հայտարարություններին, այլ ԿԲ կանխատեսումներին և թվերին: Իսկ թե ինչու ենք այսօր ականատես լինում նման հրաշք պատկերի՝ վարչապետը փայլուն գիտի: Ասֆալտին գործարարներին փռելը, միջազգային ներդրողների դատվելը չի կարող չունենալ նման հետևանքներ…