Սերժ Սարգսյանի բավական ծավալուն ասուլիսը շարունակում է մնալ հասարակական տարբեր խմբերի ուշադրության առարկան: Բնականաբար բոլորին հետաքրքրում էր հատկապես հետընտրական զարգացումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ասելիքը, որը սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ հեգնանքից այն կողմ չանցավ, եթե իրենց միջև հանդիպման բովանդակության մասին հայտարարությունները չհաշվենք: Սերժ Սարգսյանը հետընտրական որևէ կառուցողական, ստեղծագործ մեսիջ հասարակությանը այդպես էլ չհղեց իր երկարաշունչ ասուլիսի ընթացքում: Սակայն, փոխարենը, նա բավական նուրբ ակնարկներ հղեց իշխանական կամ մերձիշխանական շրջանակներին' մասնավորապես խոսելով կառավարության կազմավորման հարցի մասին և հայտարարելով, որ կառավարության և վարչապետի փոփոխություն չի պատրաստվում կատարել առնվազն 2013 թվականի ընթացքում:

«Մարդկանց փոփոխությունների մասին ամենաշատը խոսում են նախկին պաշտոնյաները: Գործող պաշտոնյաների փոփոխության մասին խոսում են հենց գործող պաշտոնյաները: Առաջինները խոսում են այն ակնկալիքով, որ այդ փոփոխությունների պատճառով հանկարծ կարող է իրենք հետ գան: Երկրորդները խոսում են, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք կարող են ավելի բարձր պաշտոն ստանալ»:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը իսկապես շատ խոսուն է, եթե նկատի ունենանք, որ վարչապետի պաշտոնը հայաստանյան ներիշխանական շրջանակներում, ինչպես նաև մերձիշխանական շրջանակներում դարձել էր ամենաքաղցր պտուղը, որին ձգտում էին շատերը: Գլխավոր հավակնորդների թվում էին դիտարկվում և Ռոբերտ Քոչարյանը, և Վարդան Օսկանյանը, և Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը, իսկ վերջերս էլ Կարեն Կարապետյանը՝ Երևանի նախկին քաղաքապետ: Նրանց մի մասը այսօր իշխանության մեջ է, մի մասը նախկին պաշտոնյաներ, և երբ վերընթերցում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները, ապա ակնհայտ է դառնում, թե ինչի կամ ավելի ճիշտ ում մասին են նրանից մեջբերված տողերը, որ նա ասել էր ասուլիսի ժամանակ:

Վարչապետի պաշտոնին հավակնորդների այդ ցանկը, ըստ էության, կարելի է որակել մեկ ամբողջական թիմ կամ մեկ ամբողջական գիծ, որը փորձեց կառավարության ղեկավարի պաշտոնը Սերժ Սարգսյանի իրավասության շրջանակից վերցնել իր ենթակայության տակ, սակայն պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը այս պաշտոնը կարողացավ պինդ պահել, հավանաբար նաև այն իրեն հետ վերցնելու մտադրությամբ՝ 2017-18 թվականներին: Իսկ այն, որ Սարգսյանը ասուլիսի ընթացքում ակնարկում է նախկին ու ներկա պաշտոնյա հավակնորդների և նրանց հավակնությունների մասին, ըստ էության վկայում է, որ Սարգսյանը այս հարցում նրանց հանդեպ իր հաղթանակը համարում է անշրջելի, այլապես չէր համարձակվի բարձրաձայնել ի դեմս նախկինների և ներկաների դրսևորվող «տարօրինակ երևույթի» մասին:

Այսպիսով, վարչապետի թեման Հայաստանում փակված է, և փակված է քաղաքապետի ընտրությունների շեմին, ինչով Սերժ Սարգսյանը փորձում էր նաև երևի թե ակնարկել, որ որևէ մեկը չփորձի Երևանի քաղաքապետի ընտրությունները առիթ դարձնել վարչապետի պաշտոնի շուրջ հավակնությունները թարմացնելու և առևտուրը վերսկսելու համար: Մեսիջն առաջին հերթին, բնականաբար, ուղղված էր ԲՀԿ-ին, որի ցուցակի առաջին տեղում է Վարդան Օսկանյանը, ինչը նշանակում է, որ այս խաղի մեջ ներգրավվածություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանն, ըստ էության, փաթեթային մեսիջ է հղում, որպեսզի այդ շրջանակում գայթակղություն չառաջանա քաղաքապետի ընտրությունները օգտագործել վարչապետի պաշտոնի հանդեպ պահանջներ ներկայացնելու համար:

Ընդ որում, ԲՀԿ-ն արդեն իսկ տվել է առաջին և բավական նյարդային արձագանքը' հայտարարելով, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելը հավասարազոր է ժողովրդին հասցված ապտակի, նկատի ունենալով սոցիալ-տնտեսական վիճակը: Դա հայտարարել է երիտԲՀԿ-ական Վահան Բաբայանը: ԲՀԿ-ի այդ բաց հարվածին ոչ պակաս բաց հարվածով պատասխանել է վարչապետի մամլո խոսնակը' հայտարարելով, որ ապտակներից խոսում են նրանք, ովքեր ծառայում են ապտակով հարց լուծողներին և ֆեոդալական միջավայր ստեղծողներին: Սովորաբար, իր հասցեին հնչող ընդդիմախոսությանն ու քննադատությանը Տիգրան Սարգսյանը պատասխանում է բավական զուսպ, ինչը չես ասի այս դեպքում, թեև պատասխանը հնչում է խոսնակի միջոցով: Մինչդեռ շատ քիչ է հավանական, իսկ ավելի շուտ անհավանական է, որ այդպիսի կոշտ արձագանքը համաձայնեցված չլինի նախագահական նստավայրի հետ կամ չգա հենց նախագահական նստավայրից: