Ապրիլի 3-ին լրանում է Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության հիմնադրման երկու ամյակը, որը իր կենսունակությամբ և արդյունավետ աշխատանքով դարձել է հայ-ռուսական համագործակցության կարևոր հարթակներից մեկը` համախմբելով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասնագիտական և հասարակական ներուժը:

Ի թիվս պետական և վերլուծական հաստատությունների շնորհավորանքների, կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի անունով ստացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ուղերձը փոխնախարար Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ:  

Դրանում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն Նավոյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անունից շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության երկամյակի կապակցությամբ:

Գոհունակությամբ ենք նշում  Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդմանը ուղղված ԴԻԱԼՈԳԻ գործունեությունը և ողջունում ենք նրա ջանքերը, որոնք միտված են երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության զարգացմանը: Հատկապես գնահատելի է ԴԻԱԼՈԳԻ գործունեությունը Ռուսաստանի փորձագիտական, վերլուծական և հասարակական-քաղաքական կյանքում հայկական թեմաների ներկայացման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների առաջնահերթություններից մեկը հանդիսանում է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն երկու երկրների հասարակությունների օբյեկտիվ փոխընբնման և փոխհասկացողության ապահովման մեխանիզմների ստեղծմանը:

Այս իմաստով հույս ունեմ, որ Ձեր կողմից ղեկավարվող կազմակերպության ջանքերով լիարժեքորեն կիրականացվի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթի և խորքի մասին օբյեկտիվ պատկերացումների ձևավորումը Ռուսաստանի և Հայաստանի հասարակություններում:

Վստահ եմ, որ Ձեր բազմամյա հասարակական-քաղաքական գործունեությունը հետագայում ևս նպաստելու է համագործակցության տարբեր ոլորտներում հայ-ռուսական երկխոսության ամրապնդմանը:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ և ԴԻԱԼՈԳ կազմակերպության Ձեր գործընկերներին մաղթել հետագա հաջողություններ և արդյունավետ գործունեություն` ի փառս հայ-ռուսական բազմադարյա բարեկամության հետագա ամրապնդման»: