Օրեր առաջ b4b.am-ը հրապարակումներից մեկում անդրադարձել էր ծխախոտի գնի 45% բարձրացման հնարավոր տնտեսական հետևանքներին՝ մատնանշելով միջինում ծխախոտի ձեռքբերման ծախսերի ավելացումը և դրանից բխող տնտեսական հետևանքները, ինչպիսիք են՝ սպառողական զամբյուղի «դեֆորմացիան», խնայողությունների հնարավոր կրճատումը և այլն։ Այսօր կայքն անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդմանը, որ ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի կտրուկ բարձրացումը կհանգեցնի ծխախոտի գծով հավաքագրվող հարկերի ավելացմանը։

Ճիշտ է․ ծխախոտի գծով ակցիզային հարկի դրույքաչափի կտրուկ ավելացումը կհանգեցնի ծխախոտի գծով հավաքագրվող անուղղակի հարկերի ավելացմանը

Նախքան հաշվարկներին անցնելը պետք է հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ ծխախոտի արտադրանքի համար (ԱՏԳ ԱԱ 2402, բացառությամբ՝ սիգարներ և սիգարելաներ) սահմանված է ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափը՝ 15%, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 7275 դրամ, որը աստիճանաբար ավելանալով 2021 թ-ին հասնելու է 11,070 դրամի։ Բացի այդ՝ գործում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։ Այլ կերպ ասած՝ այսօր 20 գլանակ պարունակող 500 դրամանոց սիգարետի (տուփի) մանրածախ գնից՝ 83.33 դրամը ԱԱՀ-ն է, 145.5 դրամը՝ ակցիզային հարկը, այսինքն՝ 500 դրամից 228.83 դրամը (~45.8%-ը) ծխախոտի անուղղակի հարկերն են։

Հիմա ենթադրենք՝ կառավարությունը որոշում է ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել այնքան, որ այլ հավասար պայմաններում, գինն ի հաշիվ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի ավելանա 45%-ով, այսինքն՝ 500 դրամից գինը դառնա 725 դրամ։ Այլ կերպ ասած՝ մեկ տուփից հավաքագրվող անուղղակի հարկերը 228.83 դրամից կդառնան 453.83 դրամ (մանրածախ գնի ~62.6%-ը)։

Պահանջարկի օրենքի համաձայն՝ (ինչպես ապրանքներից շատերի դեպքում) գնի բարձրացումը կհանգեցնի պահանջարկի կրճատման` այս դեպքում ծխած սիգարետի քանակի կրճատման, բայց քանի որ ծխախոտը ոչ էլաստիկ պահանջարկ ունեցող ապրանք է, ապա դրա ձեռքբերման համար կատարվող ծախսերը կավելանան։ Մենք նախորդ անգամ քննարկում էինք Վարդանի, Վահանի և Վահագնի դեպքերը, ովքեր համապատասխանաբար միջինում օրական ծխում են 1, 1.5 և 2 տուփ 500 դրամանոց սիգարետ։ Այս օրինակի վրա, փորձենք հասկանալ, թե ինչ տեղի կունենա։

Աղյուսակից երևում է, որ էլաստիկության դիտարկված սցենարների դեպքում և՛ Վարդանը, և՛ Վահանը, և՛ Վահագնը, թեև կրճատելու են իրենց ծխած սիգարետների քանակը, ստիպված են լինելու վճարել ավելին, մասնավորապես՝ Վարդանը կախված էլաստիկության գործակցից, այլ հավասար պայմաններում, ծխախոտ ձեռքբերելու համար ավելի վճարելու է 14.7-45.9 հազ․ դրամ, Վահանը՝ 20.9-68.7 հազ․ դրամ, Վահագնը՝ 28.7-91.8 հազ․ դրամ անուղղակի հարկ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի տեսքով։

Ինչը մեզ թույլ է տալիս ասել, որ նույնիսկ ծխախոտի սպառման կրճատման պարագայում,ծխախոտի գծով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրումները կաճեն։

Առաջին հայացքից թվում է, թե իդեալական իրավիճակ է՝ ծխախոտի սպառումը կրճատվում է, ծխախոտի գծով անուղղակի հարկերն ավելանում են, ոչինչ չի խանգարում առանց բյուջեի համար ռիսկեր ստեղծելու նախաձեռնել սիգարետի գնի 45% բարձրացում՝ ի հաշիվ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի, բայց․․․

Բայց․․․

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ այլ հավասար պայմաններում, ծխախոտի գնի բարձրացումը հանգեցնում է ծխախոտի ձեռքբերման ծախսերի ավելացման։ Որպեսզի ավելի առարկայական լինի, եկեք քննարկենք Վարդանի դեպք, որը քաղծառայող է, ամուսնացած է, ունի երկու երեխա, ընտանիքի տնօրինվող եկամուտը միջինում ամսական կազմում է 250,000 դրամ (տարեկան՝ 3 մլն դրամ)։ Դիցուք, Վարդանը և կինը սովորություն ունեն պարբերաբար թատրոն գնալու (տարեկան 4 անգամ) հետո իրենց սիրած սրճարանում կապուչինո վայելելու։ Քանի որ Վարդանը սիգարետի ակցիզային հարկի բարձրացման արդյունքում այլևս ստիպված է լինելու տարեկան սիգարետի ձեռքբերման վրա ծախսել 14․7-45.9 հազ․ դրամ, ամենայն հավանականությամբ ընտանեկան բյուջում առաջիններից մեկը «հարվածի» տակ կհայտնվի ամուսինների համատեղ ժամանցի ծախսը՝ ի դեմս թատրոն այցելելու (դե հայ ենք, հո երեխայի բուլկու գումարը չէի՞ն կրճատելու)։ Ինչպես հայտնի ֆիլմում, միգուցե շատերն ասեն, ի՞նչ գործ ունեք՝ մտնում եք «մատի» ու «մատանու» արանքը։ Այո՛, կինը Վարդանի կինն է, «մատանին» (թատրոն չգնալու որոշումը) իրենց «մատանին» է (համատեղ որոշումն է), բայց պետությունը «իրավունք» ունի և պետք է մտնի «մատի» և «մատանու» արանքը․․․ի՞նչ է լինելու, երբ վարդանները չգնան թատրոն՝ թատրոնի ներկայացումների քանակը կրճատվելու է, քիչ հոսանք է սպառվելու, դերասանները քիչ վարձատրություն են ստանալու, հետևաբար նրանք ևս սկսելու են կրճատել իրենց ծախսերը․․․սրճարաններում կապուչինո քիչ է վաճառվելու, սրճարանատերերը քիչ շահույթ են ստանալու, ստիպված են լինելու կրճատել մատուցողների և սպասք լվացողների մի մասին․․․և այսպես շղթայական էֆեկտներ են առաջանալու, որոնք այլ հավասար պայմաններում, այլ ուղղություններով հարկերը կրճատելու են։

Իհարկե, պետությունը ծխախոտի գծով ավել հավաքագրած հարկերը Մարս չի ուղարկելու (Էլոն Մասկի ականջը կանչի), վերաբաշխելու է և գոնե մի զգալի մասն ուղղելու է Հայաստանի տնտեսություն, սակայն բոլոր դրական և բացասական էֆեկտները պետք է ըստ արժանվույն գնահատվեն․․․

Ի՞նչ կցուցանե «առակը»

Տնտեսությունն ու մարդու օրգանիզմը, որոշակի նմանություններ ունեն՝ նրանք երկուսն էլ հանդես են գալիս որպես համակարգ։ Մի բժիշկ, որը Հիպոկրատի երդում է տվել, դժվար թե համաձայնի հիվանդի գլխացավի սիմպտոմները վերացնելու համար նշանակել մի դեղ, որի կողմնակի ազդեցությունները չգիտի (побочные эффекты), նույնիսկ եթե 100%-ով համոզված է, որ գլխացավը կանցնի․․․Տնտեսագետները, թեև Սմիթի երդում չեն տալիս, բայց ևս մասնագիտական «պարտավորվածություն» ունեն օգնել «հիվանդին» (տնտեսությանը)՝ առանց որևէ վնաս կամ չարիք պատճառելու․․․

Մենք իհարկե չենք պնդում, որ ծխախոտի գնի 45% բարձրացումը բացասական կանդրադառնա տնտեսության վրա, կամ դրական, դա երկարատև, լուրջ հաշվարկների հարց է, և ավելորդ չի լինի ասել, որ այստեղ պետությունը պետք է որդեգրի «Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր» սկզբունքը։