Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ բառի բուն իմաստով, ով ոնց ուզում է՝ հասկանա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: 

«Ես անձամբ քաղաքական մարդ չեմ, չեմ եղել երբևիցե, չեմ օգնել ոչ մի քաղաքական գործչի, չեմ եղել կուսակցական ու չեմ էլ ուզում, ես բիզնեսմեն եմ ու տապակված եմ «Սպայկա»-ի պրոբլեմներով: Հիմա ի՞նչ են ուզում: Իհարկե, պետք է հարկերը վճարվեն, բայց 7 միլիա՞րդ: Այդ շինծու թվերը, որ ասում են, մեծացրել են, որպեսզի ժողովրդի համար սիրուն լինի, որպեսզի ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի: Սո՞ւտը, թե ես 7 մլրդը կերել եմ»,-ասաց Ղազարյանը:

Հարցին, թե միտում տեսնո՞ւմ է Ղազարյանը այդ գործի հետ կապված, քանի որ այս ընկերությունը մեկ կապում են Քոչարյանի ընտանիքի հետ, մեկ՝ Միքայել Մինասյանի, Ղազարյանը պատասխանեց. «Ինչ հեղափոխությունը սկսվել է, իմ երեխաները տանը գոռում էին՝ «Նիկո՛լ, առա՛ջ» և այլն, ես ողջունել եմ էդ ամեն ինչը, գիտե՞ք ինչու, որովհետև  մտածել եմ՝ եթե օրենքը մեր երկրում պետք է լինի գերակա շահ, ես մտածել եմ իմ երեխաների համար»:  

Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրան մեղադրում են  առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու համար: