2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» բարձրակարգ հյուրանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ հյուրանոցն այլևս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու: Բանն այն է, որ հյուրանոցի հիմնական հաճախորդը «Լիդիան» ընկերությունն էր. ընկերության բոլոր այցելուները, հյուրերը գիշերում էին հյուրանոցային համալիրում, օգտվում էին հյուրանոցային բոլոր ծառայություններից, այստեղ էին անցկացվում նաև բոլոր գործնական հանդիպումները, միջոցառումները։ Ըստ որոշ տեղեկությունների` միայն «Լիդիանի» շնորհիվ հյուրանոցը տարեկան ունենում էր հարյուրավոր այցելուներ, որը Վայոց ձորում գործող նման կարգի հյուրանոցի համար մեծ հաջողություն էր։ «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։ Ինչպես գիտենք, Լիդիանը կառավարության` ոտքը կախ գցելու քաղաքականության արդյունքում պարապուրդի է մատնված, ինչի հետևանքով կասկածի տակ է շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը, հարյուրավոր աշխատակիցներ գործազուրկ են, իսկ ընկերությունն էլ պատրաստվում է Հայաստանի դեմ 2 միլիարդ դոլարի հայց ներկայացնել արբիտրաժային դատարան:
 
Երեկ էլ հայտնի դարձավ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» դեմ Պետեկամուտների կոմիտեի կողմից 7 միլիարդ դրամի հարկեր չվճարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ «Սպայկայի» ղեկավարությունը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը ՊԵԿ-ի կողմից ընկերության նկատմամբ իրականացվող հետապնդում է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սպայկան պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին: Եթե այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, ապա այստեղ մենք գործ ունենք ոչ միայն ամեն գնով բյուջեն լցնելու կառավարության մոլուցքի հետ, այլ նաև կարող ենք փաստել, որ հերթական մանր և էժանագին վենդետան է տեղի ունենում նախորդ իշխանության ներկայացուցիչների, նրանց բիզնեսների նկատմամբ: Սակայն, ո՞վ է տուժելու արդյունքում․ իհարկե՝ նույն Սպայկայի աշխատակիցները և գյուղացիները, ովքեր մթերման սեզոնի սկզբում կանգնելու են դաժան փաստի առաջ, էլ չենք խոսում գյուղատնետեսությանը՝ իբրև առանձին ճյուղի սպասվող տոտալ անկման մասին:
 
Այնուհետև վարչապետը խրոխտ ձայնով կարող է հայտարարել, որ Նոր Հայաստանում ներդրումային բում է սպասվում, իսկ արտասահմանյան խոշոր բիզնեսն էլ հերթ է կանգնել՝ յուրահատուկ քասթինգ է նույնիսկ անցնում մեր տնտեսության մեջ ներգրավվելու համար: Իրականում, մենք տեսնում ենք տրամագծորեն հակառակ պատկերը, երբ մեկ տարվա մեջ բիզնեսը Հայաստանից միայն հեռանում է, փակվում է և միանշանակ ազդակ տալիս մյուսներին: Այսպես շարունակելու դեպքում՝ կապիտալի արտահոսքը Հայաստանից կդառնա անկասելի, իսկ տնտեսական հեղափոխության մասին կարելի կլինի ընդհանրապես մոռանալ: Ստացվում է՝ տնտեսական հեղափոխությունը այս պահին հանդիսանում է Փաշինյանի ամենամեծ ֆեյքը...