«Սպայկա» ընկերության աշխատակիցներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ստիպված եղան դադարեցնել բողոքի ակցիան և հեռանալ կառավարության շենքի մոտից: 

Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ վարչապետը անձնական երաշխավորություն ներկայացնի և «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի:

«Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն ասաց, որ իրենք հարգում են վարչապետի որոշումը ու արդեն կսպասեն իրավաբանների աշխատանքին, քանի որ վստահ են՝ իրենց բողոքը տեղ է հասել և ակցիա իրականացնելով ոչինչ չեն փոխի: 

Նշենք, որ այսօր առավոտյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը  և  2 ամսով կալանավորել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Որոշման հրապարակումից հետո ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին դատարանի դիմաց՝ փակելով փողոցը։ Ցուցարարները փակել էին Դավիթ Ղազարյանին կալանավայր տեղափոխող մեքենայի ճանապարհը և թույլ չէին տալիս տեղաշարժվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրենց տնօրենին։ Ոստիկանների և քաղաքացիների միջև սկսած քաշքշուկից հետո էլ մեքենային չհաջողվեց ճեղքել բողոքող քաղաքացիների պատնեշը և մեքենան վերադարձավ դատարան։ Դրանից հետո բողոքի ակցիայի աշխատակիցները գնացին կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ։