«Սպայկայի» ներկայացրած տեղեկանքի համաձայն` մթերում իրականացնելու համար ամսական անհրաժեշտ է 5 մլրդ դրամ, ինչն ընկերությունը ստանում է կարճաժամկետ վարկերի տեսքով։

 «Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ արտասահմանյան բանկերում իր վարկային միջոցների հետկանչի պատճառով այս տարի հայաստանյան շուրջ 80 գյուղերում չի կարողանա մթերում իրականացնել։

«Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետկանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները: Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։