ՀՀ կառավարությունը վերացրել է այն պրակտիկան, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից: Եվ պետությունը նվիրված է անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին:

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անդամներից մեկի հարցին, թե Հայաստանում դատավարությունն արդյոք անկա՞խ է:

«Դատական համակարգի հետ կապված խնդիրները այսօր ամենահրատապն են մեզ, մեր երկրի, մեր կառավարության համար, որովհետև հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել։ Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է՝ ունենալ 100 տոկոսով առանց պայմանականությունների և պայմանների, անկախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլ միջազգային հանրության համար»,- հայտնեց վարչապետ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ԵՄ-ից պատվիրակություն էր եկել Հայաստան և նրան ուղիղ հարց են տվել, թե  դատական համակարգը անկախ դարձնելու ուղղությամբ մինչև ուր են պատրաստ գնալ: Եվ վարչապետը շատ ուղիղ պատասխանել է, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին կառավարությունը պատրաստ է գնալ մինչ վերջ:

«Մենք հասկանում ենք, որ առանց իսկապես անառարկելիորեն անկախ դատական համակարգի մենք չենք կարող երաշխավորել վերջնականորեն և անշրջելիորեն մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացում: Ունե՞նք, արդյոք, այսօր այսպիսի դատական համակարգ: Ցավոք, այսօր չեմ կարող 100 տոկոսով երաշխիք տալ: Սակայն ես կարող եմ ձեզ 100 տոկոսով երաշխիք տալ, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է  ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից, մենք ամբողջապես հրաժարվել ենք այս գործելակերպից: Ես, օրինակ 100 տոկոսով վստահություն չունեմ, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչ այժմ չեն պահպանվել, և ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա»,- ասաց Փաշինյանը, սակայն շեշտեց, որ կառավարությունը լիարժեքորեն նվիրված է անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին:

Վարչապետը հորդորեց այս հարցում կասկած չունենալ: