«Ժամանակ» թերթը գրում է.

«Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր: Նախարարի այդ հայտարարությունը բավականին հիշեցնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումային հաշվետվությունները, որը եւս խոսում էր միլիարդների ծրագրերից: Սակայն երբ գալիս է այդ ամենի վերաբերյալ առարկայական հարցերի հերթը, պարզվում է, որ կոնկրետ պատասխանները կամ ցույց տալու գործերը այդքան էլ շատ չեն: Այստեղ փաստացի աշխատում է քարոզչական կամ տեղեկատվական ավանդական տրամաբանությունը, ըստ որի կարեւոր է դիտվում քաղաքացիներին հնչեղ թվեր մատուցելը, միլիարդներից խոսելը: Արդյո՞ք 3,3-ի մեջ կան այն միլիարդներից կամ այն թվերից, որոնց մասին նաեւ Կարեն Կարապետյանն էր խոսում, թե՞ այս դեպքում գործ ունենք բոլորովին նոր մտադրությունների կամ գաղափարների հետ: Բայց, մեծ հաշվով, դա էական չէ, որովհետեւ փաստացի մատուցման տրամաբանության մեջ խնդիրը, ըստ էության, Կարեն Կարապետյանի եւ նախկին համակարգի «միլիարդների» տրամաբանության մեջ է:

Միլիոնների կամ միլիարդի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ դրանք կոնկրետանում են, առարկայանում: Եվ հենց դրանց կոնկրետացման ու առարկայացման համար պետք է խոսել շատ հստակ կանոնային փոփոխությունների, տնտեսական գործունեության համար շահեկան դաշտն ընդլայնող օրենսդրական նախաձեռնությունների եւ իհարկե՝ հարկային ռեֆորմի մասին: Միլիարդները գործարար հանրությանը չեն ասում ոչինչ եւ ոչինչ չեն ասում միջին խավին: Դա գուցե առկա «լյումպենի» սպառման նյութ է: Սակայն ժամանակակից աշխարհում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չի կարող կայուն հիմնվել «լյումպեն» հանրության վրա եւ այդ հանրության վրա էլ ռեֆորմներ կառուցել: «Լյումպենը» ռեֆորմի ռիսկն է, խոչընդոտը, վտանգը, երբեմն թշնամին: Ռեֆորմացիայի շարժիչը կամ հենարանը արդիական հանրային շերտերն են: Իսկ նրանք սպառում են շատ կոնկրետ օրենսդրական քայլերը, ոչ թե «հռչակագրային միլիարդները»:

Ըստ այդմ՝ նրանց հարցերն, օրինակ, հարկային օրենսդրության մասին է, որի շուրջ քննարկումները մի կողմից ուշանում են, մյուս կողմից՝ հանրությանն է մատուցվում Հարկային օրենսգրքի փոփոխության տարբերակ, որը, մեղմ ասած, սկզբունքորեն չի տարբերվում նախորդ իշխանության ընդունած օրենսգրքից, ընդ որում՝ դա մասնագետների գնահատմամբ: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է լինեն տնտեսական քաղաքականության եւ դրա վերաբերյալ տեղեկատվական քաղաքականության առանցքում, ըստ այդմ՝ նաեւ խորհրդարանական օրակարգում: Վերջին հաշվով, փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի արտահայտությունը, կարող ենք արձանագրել՝ ասեք ինչպիսին է խորհրդարանի տնտեսական օրակարգը, եւ պարզ կլինի, թե ինչպիսին է տնտեսական քաղաքականության տրամաբանությունն ու վեկտորը: Այդ առումով, խորհրդարանի տնտեսական օրակարգը գոնե առայժմ առաջացնում է հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում